Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը «Տելեգրամ»-ի իր ալիքում հայտարարություն է տեղադրել՝ ուղղված եվրոպական երկրների առաջնորդներին, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին և եվրոպական դիվանագիտության ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին:
Նա նշել է, որ Ուկրաինայում ռազմական գործողության հետ կապված Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին վերջիններիս հայտարարություններն ու պատժամիջոցները եթե հետ չկանչվեն «մինչև փետրվարի 31-ը», Չեչնիան պատասխան քայլեր կձեռնարկի նրանց նկատմամբ:
«Հակառակ դեպքում Չեչնիայի Հանրապետությունը, հաշվի առնելով վերոնշյալ անձանց հայտարարությունների լկտի և հավակնոտ բնույթը, իրեն իրավունք է վերապահում կիրառել հետևյալ պատժամիջոցները՝ փակել Չեչնիայի երկինքը նրանց ինքնաթիռների համար, սառեցնել Չեչնիայի բանկերում Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի՝ ռուբլով առկա բոլոր ակտիվները, էմբարգո սահմանել բրիտանացի օլիգարխների բոլոր ակտիվների վրա Աչխոյ-Մարտանում, հնարավոր է նաև՝ Սամաշկիում»,- սպառնացել է Կադիրովը: