Քաղաքականություն

Մարտի 1-ի գործը փակելը եղել է քաղաքական որոշում․ Ռաֆայել Թեյմուրազյան

Ռաֆայել Թեյմուրազյանը Ֆեյսբուքում գրում է.

«2019-2020-ին պարբերաբար գրել եմ Մարտի 1-ի գործով դատարանում կատարվողի մասին։ Պատերազմը փոխեց առաջնահերթությունները, սակայն Մարտի 1-ի 14-րդ տարելիցի առիթով փորձեմ ամփոփել, թե ինչ եղավ այդ գործի ճակատագիրը։

2020-ի հունիսին վերաքննիչ դատարանը 2 միլիարդ դրամ գրավի դիմաց ազատ արձակեց Ռոբերտ Քոչարյանին։ Այս որոշումը վիճարկվեց վճռաբեկ դատարանում, որը 2021-ի օգոստոսին որոշեց, որ Ռ. Քոչարյանը չպետք է ազատ արձակվեր, բայց քանի որ արդեն արդարացվել է, ուրեմն՝ չպետք է կալանավորվի։

Իսկ Ռ. Քոչարյանն արդարացվել էր 2021-ի մարտին, երբ «Իմ քայլի» ընտրած (այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի նշանակած) դատավորներով համալրված ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց քրեական օրենսգրքի այն հոդվածը, որով առաջադրվել էր մեղադրանքը։ Սա միանգամայն սպասելի էր, ու նախորդող 1-2 տարիներին բազմիցս ահազանգ էր հնչեցվել։ Արդյունքում Հայաստանում այսօր ձու գողանալը հանցանք է և պատիժ է ենթադրում, բայց սահմանադրական կարգը պաշտպանված չէ, դրա տապալումը չի դասվում հանցագործությունների շարքին. չկա նման հոդված։

Այս ընթացքում Եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մեկը մյուսի հետևից որոշումներ էր կայացնում Հայաստանի դեմ՝ բավարարելով Մարտի 1-ի գործով դատապարտված նախկին քաղբանտարկյալների բողոքները (որոնց հիման վրա արդեն արդարացվել է ավելի քան երկու տասնյակ մարդ)։ ՄԻԵԴ-ն այս բոլոր վճիռներում արձանագրել է, որ 2008-ի փետրվարի հավաքները խաղաղ են եղել, որ ցուցարարների զինված լինելու մասին իշխանության պնդումները չեն հիմնավորվել, որ նախագահի թեկնածու Լ. Տեր-Պետրոսյանի համակիրների կալանավորումները եղել են արհեստական և քաղաքական (այսինքն՝ այդ մարդիկ քաղբանտարկյալներ են եղել)։ Այսպիսով, ՄԻԵԴ վճիռներով ամբողջովին հերքվել է Մարտի 1-ի քոչարյանական վարկածը (որը, ի դեպ, 4-5 անգամ փոխվել է՝ հարմարեցվելով նոր ի հայտ եկած հանգամանքներին):

ՄԻԵԴ վճիռներից մեկը, որով ճանաչվում էր «Հայկական ժամանակ» օրաթերթի իրավունքների խախտումը, ավելի հեռուն է գնացել՝ կասկածի տակ դնելով Մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու մասին Ռ. Քոչարյանի հրամանագրի հիմնավորվածությունը, արձանագրելով, որ «չի ներկայացվել գեթ մեկ ապացույց, որ 2008-ի մարտի 1-ի 10 մահվան դեպքերը կապ ունեն ցուցարարների գործողությունների հետ»։ Կարծիքներին, որ Եվրոպական դատարանի այս վճիռը կարող է Ռ. Քոչարյանին նոր քրեական մեղադրանք ներկայացնելու հիմք դառնալ, արագ պատասխանեցին դատախազությունից. «Անհրաժեշտություն չենք տեսնում»։

Կատարվածը կանխատեսելի էր, և այն, որ իշխանությունը հետևողականորեն գնաց այդ ճանապարհով, հուշում է, որ Մարտի 1-ի գործը փակելը եղել է քաղաքական որոշում։ Ըստ այդմ, արդարադատության իրականացումն այժմ ենթադրում է իրավական գնահատական ոչ միայն Մարտի 1-ին սպանությունների և իշխանության յուրացման, այլև՝ բացահայտումը պարտակելու համար՝ այս վերջին դրվագով ներառելով նաև «նոր» իշխանությանը»։

Ամենաընթերցվածները

Exit mobile version