Քաղաքականություն

Իշխանական պատգամավորները նոր հրահանգ ունեն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական շրջանակների մեր աղբյուրն ասում է, որ հայ-թուրքական հարաբերությունների հաստատման համար թուրքական կողմը պահանջում է փակել անցյալի էջը եւ չանդրադառնալ երկու ժողովուրդների միջեւ առկա որեւէ կոնֆլիկտային թեմայի։

Եվ դա վերաբերում է ոչ միայն հայոց ցեղասպանության թեմային, այլեւ ավելի ուշ շրջանի իրադարձություններին, մասնավորապես՝ 2020 թվականի պատերազմին եւ այդ պատերազմի մեղավորների թվում Թուրքիա պետության մասին հիշատակումներին։

Մեր աղբյուրն ասում է՝ եթե ուշադիր լինեք, կնկատեք, որ վերջին ամիսներին այդ պատերազմի մասին ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, եւ մյուս բարձրաստիճան պաշտոնյաները ցանկացած խոսակցության մեջ կիրառում են բացառապես «44-օրյա պատերազմ» կամ «ադրբեջանական ագրեսիա» տերմինները, մինչդեռ 2020-ի վերջին եւ 2021-ի սկզբին շատ էր խոսվում թուրք-ադրբեջանական ագրեսիայի մասին։

Թուրքերի գլխավոր պահանջն է՝ մոռանալ անցյալը, փակել պատմության սեւ էջերը, չհիշել անգամ 2020 թվականը եւ առաջ նայել՝ դեպի հայ-թուրքական եղբայրական լուսավոր ապագա։ Իշխանական թիմին նույնպես ասվել է, որ վերանայեն իրենց լեքսիկոնը եւ խուսափեն հակաթուրքական հայտարարություններ անելուց»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Ամենաընթերցվածները

Exit mobile version