Քաղաքականություն
Զգուշացում․ հոդվածում դաժան նկարագրություններ կան. Գերի ընկած տղային մորն են վերադարձրել խոշտանգված և գլխատված «Հետք»
Գերի ընկած որդու գլխատված դին ստանալուց հետո Լուսինե Դարբինյանի համար կյանքի գույները խամրել են: Տան միակ զավակն էր Գագիկը, որ սեպտեմբերի 14-ին կդառնար 20 տարեկան, սակայն արցախյան պատերազմն ընդհատեց նրա կենսագրությունը: «Գագիկը 6 տարեկանից մեծացել է Ռուսաստանում: Սկզբում տատիկ-պապիկի մոտ էր մնում, մինչեւ որ ես էլ կարողացա տեղափոխվել: Մենք իրեն հայրենասեր ենք մեծացրել: Ինքը հայերեն գրել-կարդալ չգիտեր, բայց շատ լավ խոսում էր: Լիքը հայ ընկերներ ուներ Գյումրիում: Շատ ընկերասեր երեխա էր՝ հասնող, օգնող, հոգատար,- ասում է Լուսինե Դարբինյանը:- Գագիկս տղայի՝ հարց լուծող տեսակն էր, ռուսներն ասում էին՝ шустрый малый, ու էնտեղի իր ռուս ընկերներն էլ էին իրեն շատ սիրում: Ես ամուսնալուծվել եմ, երբ Գագիկը մեկ տարեկան երեք ամսական էր: Տանջանքով, չարչարանքով եմ մեծացրել, ու հիմա չկա»:
19-ամյա Գագիկ Մկրտչյանը պետք է զորակոչվեր 2019թ.-ին, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով չէր կարողացել գալ հայրենիք: Մայրը պատմում է, որ տղայի մեկնումը 2020թ.-ի օգոստոսին եղել է շատ հապճեպ: Գագիկը միանգամից որոշել է, որ պիտի գնա պարտքը տալու հայրենիքին: Ռոստովից թռիչքը օգոստոսի 14-ին է եղել: Համավարակով պայմանավորված՝ բավական դժվարությամբ են կարողացել ինքնաթիռի տոմս գտնել: Տղան արգելել է մորն իր հետ գալ Հայաստան: Գյումրու զինկոմիսարիատում սկզբում հրաժարվել են զորակոչել Գագիկին՝ ասելով, որ ուշացել է, թող գնա ու ներկայանա հաջորդին: Գագիկը բողոքարկել է որոշումը, հայտարարել, որ առանց այդ էլ ուշացրել է ծառայության մեկնումն ու պահանջել, որ հարցն անհապաղ լուծեն:
Գագիկը զորակոչվել է օգոստոսի 24-ին: Ծառայության վայրն, ըստ վիճակահանության, Ջրականն (Ջաբրայիլ) էր: «Եթե չգնար, չէր զոհվի,- մայրը հոգոց է հանում,- վիրուսի հետ կապված, դրսից եկողները պիտի կորոնավիրուսի թեստ հանձնեին, էնտեղ 14 օր մեկուսանալու պահանջ կար, բայց Գագիկս գնացել, սաղ արագի մեջ արել էր, վճարովի թեստը հանձնել էր, զինկոմում էլ ասել էր՝ ես ոչ մի բժշկական խնդիր չունեմ, չէր թողել, որ բժշկական կոմիսիան խորությամբ բուժզննում անի, պնդել էր, որ իրեն շուտ տանեն բանակ: Գագիկս առաջին-երկրորդ կարգի հարթաթաթություն ուներ, բացի դրանից՝ Ռուսաստանում կռվի մեջ էր ընկել, աջ ձեռքը դաստակից կոտրվել էր, կպցրել էին՝ ծուռ էր կպել, երկրորդ անգամ էին ջարդել-կպցրել, ու տղայիս աջ ձեռքի բութ մատն ու ցուցամատը 70 տոկոս շարժունակությունը կորցրել էին: Եթե թողներ, որ իրեն նորմալ բժշկական հետազոտության ենթարկեին, հաստատ չէին զորակոչի»:
Զորակոչից հետո Գագիկը կարանտինային 14 օրը եղել է Ստեփանակերտում, օգոստոսի վերջին անցել է ծառայության: Զորամասում տղայի մոտ ստամոքսի ցավեր են սկսվել՝ տեղափոխել են հիվանդանոց, որտեղից նրան դուրս են գրել սեպտեմբերի 21-ին՝ ասելով, որ եթե կրկնվի, կուղարկեն Երեւան: Կիրակի օրը՝ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան, արդեն պատերազմ էր Արցախում: «Էն ժամանակ չէի հասկանում, թե ինչու էր Գագիկս էդպես շտապում: Բայց հետո, ամիսներ անց, իմացանք, որ մեկնելուց առաջ՝ օգոստոսի 12-ին, ռուս ընկերը վոթսափով գրել էր, թե ինչու է Գագիկն էդքան շտապում Հայաստան գնալ: Գագիկն էլ պատասխանել էր, թե Արցախում ծառայող ընկերներից իմացել է, որ հնարավոր է պատերազմ սկսվի, ու ինքը գնում է ընկերների կողքին լինելու,-պատմում է Լուսինեն,- իր գյումրեցի ընկերներից Սամվել Հովակիմյանն էլ է զոհվել էս պատերազմում՝ կամավոր էր գնացել: Սամվելը մի քանի տարի մեծ էր Գագիկից, բայց իրենք շատ մտերիմ էին: Ու հիմա՝ ամիսներ անց, ռուս ընկերոջ հետ եղած խոսակցությունն իմանալուց հետո եմ հասկանում, թե ինչի էր ինքն ուզում հենց օգոստոսի զորակոչով գնար բանակ»:
Գագիկը բարձրահասակ էր՝ 1,85 մ հասակ ուներ, զբաղվում էր բռնցքամարտով, մասնակցում «Մարտեր առանց կանոնների» մենամարտերին: Դաջվածքների մասնագետ էր: Մայրը տղային նկարագրում է որպես նպատակասլաց, անվախ, որոշումներ կայացնող, համառ եւ արդարության համար պայքարողի: Ասում է, որ պատերազմի առաջին օրվանից եղել է առաջնագծում: Գագիկը խոսել է մոր հետ սեպտեմբերի 28-ին, հայտնել, որ առաջնագծում է: Լուսինեն հարցրել է, թե ինչ զենքով են կռվում, տղան կատակել է՝ у меня игрушка автомат: Հետո զանգել է հոկտեմբերի 2-ին ու հայտնել, որ զենքը փոխել են:
«Ասեց՝ я на черном стреле, հարցրի, թե դա ինչ է, բացատրեց, որ սնայպեր են տվել ու իր հետ մի աղջիկ էլ կա սնայպերիստ: Հաջորդ զանգը ստացել եմ հոկտեմբերի 7-ին: Հիշու՞մ եք, որ լուրեր տարածվեցին, թե ինչ-որ մարդիկ գնացել են Ջաբրայիլի դիրքապահներին ասել են՝ թողեք, փախեք, Նիկոլը հողերը ծախել է, ձեզ էլ ուղարկել են մսաղաց: էդ իրենց են ասել, բայց իրենք չեն փախել, 19 հոգով են եղել: Ովքեր, որ ասել են դա, երեխեքին հրաման են տվել զենքերը հանձնել, հետո տարել իրանց անտառ, կորցրել են. դա եղել է հոկտեմբերի 5-ի իրիկունը»,- Լուսինեն ասում է, որ այս մասին իմացել է արդեն հոկտեմբերի 7-ին, երբ հնարավոր է եղել խոսել տղայի հետ:
«Իրենց գտել էին ռազմական ոստիկանության միջոցով, քանի որ Գագիկս զանգել էր այդ համակարգում մեր ծանոթին, վերջինս էլ զանգեց ինձ, էդպես եմ իմացել, որ տղաս ու իր ընկերները կորած են Ջաբրայիլի անտառներում: Հետո Ստեփանակերտի ռազմական ոստիկանություն էին զանգել, հետո Հադրութ, էդպես գնացել, իրանց գտել էին, բայց տարել, ծեծել էին: Գագիկս, որ զանգեց, ասեց՝ у меня большая шишка на голове, но я на них не обижаюсь, самое главное-мы спасены: Հետո էդ փրկվածներով լուսանկարվել էին,- Լուսինեն ցույց է տալիս խմբակային լուսանկարը, որտեղ բոլորը երջանիկ ժպտում են,-դրանից հետո էրեխեքին տարել էին Հադրութ: Եթե կհիշեք, հոկտեմբերի 10-ին հրադադար էին հայտարարել, բայց թշնամին անմիջապես խախտեց: Էդ ժամանակ թուրք վարձկանները լցվել էին Հադրութի զորամաս, էրեխեքը չգիտեմ ինչ հրաշքով էին փրկվել, որովհետեւ զորամասը տրաքցրել էին թուրքերը: Մենք ծնողներով գտել էինք հրամանատարին ու հարցնում էինք՝ ու՞ր են մեր էրեխեքը, ինքը, գժված, գլուխը պատերին խփելով, ասում էր՝ ինձնից երեխա չուզեք, աչքիս առաջ սաղ օդ են ելել, տրաքցրել են»:
Լուրը, որ Գագիկն ու ընկերները զոհվել են զորամասում, հերքվել է տղայից ստացած զանգով: Տղան մորը հայտնել է, որ ընկերներով պատսպարված են եկեղեցու նկուղում, զենք ունեն, սակայն իրենց հետ կան ծանր վիրավորներ, եւ չգիտեն ինչպես դուրս գան տարածքից, որն արդեն թշնամու վերահսկողության տակ է: Դա եղել է Գագիկից ստացած վերջին հեռախոսազանգը:
«Ում ասես փորձեցինք գտնել, ոչ մեկ հանձն չառավ, որ գնան էրեխեքին փրկելու: Էդ օրը երեկոյան մենք կապվեցինք ոմն քաղաքապետի հետ՝ Արմեն կարծեմ, ինքը ներկայացավ որպես Հադրութի քաղաքապետ, բայց հետո ծնողներով պարզեցինք, որ ջրմուղկոյուղու պետն է եղել: Ինքն ասեց, թե երեխեքի համարը տվեք, զանգեմ, տեսնեմ որտեղ են, փորձեմ ես իմ ջոկատով գտնել: Տվեցինք հեռախոսահամարը, ինքը կապնվել էր էրեխեքի հետ ու իր ասելով՝ ուղղորդել էր նրանց ինչ-որ ձոր: Մեզ հավատացրեց, որ ամեն ինչ նորմալ է,- Լուսինեն հոգոց է հանում՝ փորձելով որքան հնարավոր է ճշգրիտ հիշել անցած ամիսների դեպքերն ու ժամանակագրությունը:- Հոկտեմբերի 21-ին գտանք աֆիցերներից մեկին, անունը Արմեն էր, մականունը՝ Չղջիկ: Տղայիցս երկար ժամանակ լուր չկար, զանգեցի էդ Արմենին, ասեցի Գագիկի մայրն եմ, ասեց հա, մորքուր ջան, գիտեմ, ոնց չգիտեմ, ինքը մեզ հետ է, ասեց՝ ես հիմա գնամ, Գագիկը դիրքերում է, ժամը 6-ին պետք է իջնի, կխոստանամ, որ քեզի կզանգե, ու էդ ժամը վեցը մինչեւ հիմա չի եկել: Հետո Արմենն անհասանելի դարձավ»:
Որոնումների ընթացքում Լուսինեն ու հարազատները փորձել են հանդիպել Գագիկին ճանաչող վիրավոր ծառայակիցներին: Վերջիններս պնդել են, որ Գագիկը ողջ է, անգամ վիրավոր չէ, սակայն չգիտեն, թե կոնկրետ որտեղ է նա: Լուսինեն ասում է, որ այդ կարճ ժամանակամիջոցում շատերն են հասցրել նրան ճանաչել, ու բոլորը խոսելիս նշում էին՝ Ռուսաստանից եկած դաջվածքներով տղան: «Գագիկս դաջվածքների սիրահար էր, իր մարմնին շատ հետաքրքիր, չկրկնվող դաջվածքներ կային: Կրծքավանդակի մասում մեծ դաջվածք ուներ՝ հայերեն գրած էր «Միայն Աստված է ինձ դատում»: Հետագայում, երբ տղայիս խոշտանգված դին ինձ հասավ, մարմնի վրա դանակի հարվածներ կային, ու հատկապես խոցել էին Աստված բառը»:
Շարունակությունը կարդացեք hetq.am կայքում։