Քաղաքականություն

Ներկա իշխանությունները, իրենց տարատեսակ քարոզիչներով հանդերձ, պետականության հետ անհամատեղելի են

Հարութ Ուլոյանը ֆեյսբուքում գրել է․

Այն մարդիկ, որոնք ներկա իշխանությունների հետ մեկտեղ իրենց գործունեությամբ ու հրապարակախոսությամբ, իրենց «ինքնիշխան» խաղերով անդունդը գլորեցին Հայաստանի պետականությունը, հիմա լուրջ դեմքերով իրենց հռչակել են որպես անկախության պահապաններ: Իբր թե պայքարում են «միութենական պետության» հեռանկարի դեմ:

Իրենց վարքով ամեն ինչ արեցին, որպեսզի ինքնիշխանությունից դե ֆակտո գրեթե ոչինչ չմնա, հիմա պայքարում են ինքնիշխանության դե յուրե պահպանման համար: Ու, իբր, չեն գիտակցում, որ եթե միութենական հարցը լրջանա, առաջինը հենց ներկա իշխանություններն են դրա ջատագովը դառնալու: Հենց իրենք` ներկա իշխանություններն են այդ հարցի առաջացման պատճառը: Հարցի մարմնավորման դեպքում կամ նրանք համաձայնելու են դայակություն անել, կամ ուղղակի հեռացվելու են:

Ոմանք էլ ԱԺ-ում են իրար հետ մրցում, թե իրենցից ով է ավելի ոգևորված այդ միությանը միանալու հեռանկարով: Թեման բարձրաձայնողն էլ, պատասխանելով իրեն ուղղված հարցին, հայտարարում է, թե իրենց պատկերացմամբ «միութենական պետությունը» դա ԵՄ-ի տիպի միություն է:

ԱԺ-ի ընդդիմադիրները, ովքեր, իբր, մտահոգ են Հայաստանի ինքնիշխանության համար, հենց իրենք էլ ձևակերպում են ինքնիշխանությունից հրաժարվելու բանաձևը. «ԵՄ-ի տիպի միություն»: Սրանից լավ արգումենտ հետագա զարգացումների վերաբերյալ դժվար է պատկերացնել: Հարկ եղած պահին հենց այս «հիմնավորման» շուրջ էլ իշխանություններն ու ԱԺ ընդդիմադիրները կոնսենսուսի կգան:

Այն, ինչ կատարվել է Հայաստանի հետ, դա ծանրագույն իրողություն է: Հնարավոր է ինչ-որ բան փրկել, թե` ոչ, դա, վստահաբար, ոչ ոք չի կարող ասել: Բայց այն, որ ներկա իշխանությունները, իրենց տարատեսակ քարոզիչներով հանդերձ, պետականության հետ անհամատեղելի են, դա ապացուցման ենթակա չէ:

Ամենաընթերցվածները

Exit mobile version