Քաղաքականություն

Ադրբեջանցիները Ասկերանի ուղղությամբ հարձակվել են, մտել են Փառուխ գյուղ ու շարժվում են Քարագլուխ․ Շարմազանով

Ըստ Արցախից ստացված լուրերի ադրբեջանցիները Ասկերանի ուղղությամբ հարձակվել են,մտել են Փառուխ գյուղ ու շարժվում են Քարագլուխ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է. «Ադրբեջանական ստորաբաժանումները ներթափանցել են Ասկերանի շրջանի Փառուխ բնակավայրի ուղղությամբ և առաջ շարժվելու մեծ սպառնալիք կա: Ուղղությունը դեպի Քարագլուխ ռազմավարական բարձունքն է»:

Հիշեցնենք, որ քիչ առաջ Արցախի տեղեկատվական կենտրոնը հաղորդագրություն էր տարածել, որում ասված է․ «Մարտի 24-ին, ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Պաշտպանության բանակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը և նրանց վերադարձնել ելման դիրքեր:

Հայտնում ենք, որ անվտանգության նկատառումներից ելնելով այս պահին տարհանվել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք և երեխաները:

Հորդորում ենք բնակչությանը պահպանել հանգստություն, շփման գծի մյուս բոլոր հատվածներում իրավիճակն այս պահին կայուն է»:

Ամենաընթերցվածները

Exit mobile version