«Ինչո՞ւ է ձեր վարչապետը գլխատել Պաշտպանության նախարարությունը՝ զրկելով նրան Գլխավոր շտաբից, չէ՞ որ, փաստացի, պատերազմական իրավիճակում գտնվող Հայաստանում գոյություն չունի Գլխավոր շտաբի պետ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է արցախյան առաջին պատերազմի գործուն մասնակից, գեներալ – լեյտենանտ Նորատ – Տեր Գրիգորյանցը՝ նշելով, որ պատերազմական գործողություններն անմիջականորեն ղեկավարում է գլխավոր շտաբն՝ իր պետով։
Մինչդեռ հիմա, գլխատելով Պաշտպանության նախարարությունը, սկսված պատերազմական իրավիճակում միակ որոշում ընդունողը դառնում է երկրի Գերագույն գլխավոր հրամանատարը, այսինքն՝ վարչապետը։
«Իսկ ի՞նչ է անում այդ վարչապետը…Իմ կարծիքով՝ նա անում է հնարավոր և անհնար ամեն ինչ, որպեսզի թշնամին հարձակվի անմիջապես Հայաստանի Հանրապետության սահմանների վրա։ Սա, փաստացի, ռազմական հանցագործությունից զատ, նաև՝ պետական դավաճանություն է, թշնամանք, որ իրակացնում են այդ իշխանությունները՝ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ։ Հավատացեք՝ իմ հոգին էլ ձեզ հետ միասին լաց է լինում։ Մենք մարտունակ բանակ էինք թողել իրենց…»,- ասել է Նորատ Տեր-Գրիգորյանցը։
Արձանագրելով, որ Արցախում չափազանց վտանգավոր իրավիճակ է ստեղծվել՝ հայոց բանակի կազմավորման ակունքներում կանգնած գեներալը հռետորական հարցադրում է հնչեցրել. «իսկ ինչո՞վ են զբաղված մեր զորքերը, ի՞նչ է անում Պաշտպանության Նախարարությունը, ի՞նչ քայլեր է նախաձեռնում երկրի Գերագույն գլխավոր հրամանատարը, երբ Արցախի երկնքում «Բայրաքթարներ» են պտտվում և արդեն զոհեր ունենք։
«Թուրքերը տեսնում են, որ առանց որևէ էական դիմադրության, հայաթափում և տեղահանում են մի ողջ գյուղ։ Եթե իրավիճակը շարունակի այսպես մնալ, այսինքն, եթե թշնամին տեսնի և հասկանա, որ իր վայրագ և հանցագործ գործողություններին համարժեք պատասխան տվող չկա, ապա, անպայման, նույն գործողությունները կիրականացնի նաև Հայաստանի Հանրապետության սահմաններին՝ Տավուշում, Գեղարքունիքում, Արարատում, չեմ խոսում արդեն Սյունիքի մասին, որն ամբողջությամբ կարող է հայաթափվել, ինչին էլ ձգտում են Թուրքիան և Ադրբեջանը»,- հայտարարել է Նորատ Տեր-Գրիգորյանը ու ավելացրել. «Ի՞նչ է, ի վերջո, ուզում Հայաստանից այդ իշխանությունն՝ իր այսօրվա հանցավոր անգործությամբ … թողնել միայն Երևանի մա՞րզը։ Չէ՞ – որ Երասխից մինչև Երևան, արագ ընթացքով, ընդամենը, 20 րոպեի ճանապարհ է… Ի՞նչ են անում սրանք…Այս ամենն, ուղղակի, դեմ է ռազմական գիտության բոլոր օրենքներին, սա ռազմական հանցագործություն է։ Մյուս կողմից, եթե 44 օրյա ակնհայտ դավաճանական և դավադիր պատերազմից հետո, Հայաստանում գտնվեցին մարդիկ, ովքեր իրենց ընտրությամբ նորից իշխանության բերեցին այս մարդկանց խմբին, գուցե հենց այս Հայաստանն են նրանք երազել….»։
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։