Նիլ Ֆերգյուսոն. Պուտինը պատմությունից գլուխ չի հանում․ ցավոք՝ ԱՄՆ–ն նույնպես newmag.am
Newmag.am-ը ներկայացնում է Շոտլանդացի աշխարհահռչակ պատմաբան, «Մեծ անկում», «Հրապարակն ու Աշտարակը» գրքերի հեղինակ Նիլ Ֆերգյուսոնի հոդվածը՝ գրված Bloomberg–ում Ուկրաինայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
«Բայդենը մեծ սխալ է թույլ տալիս՝ կարծելով, թե կարող է Ռուսաստանն արնաքամ անել, հեռացնել Պուտինին և ուղերձ հղել Չինաստանին հեռու մնալ Թայվանից։
ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Էշթոն Քարտերը մի առիթով նկատել էր, որ «իշխանության կուլիսներում խոսում են ոչ թե տնտեսության կամ քաղաքականության, այլ պատմության լեզվով»։
Իմ վերջին հոդվածներից մեկում ես ցույց էի տվել, թե որքան ճիշտ էր այս գնահատականը 2001–ի սեպտեմբերի 11–ի ահաբեկչությունից և 2008–ի սեպտեմբերի 15–ի ֆոնդային բորսայի փլուզումից հետո։ Համաշխարհային առաջնորդները միշտ պատմական զուգահեռներ են տանում։ Ջորջ Բուշը սեպտեմբերի 11–ը համեմատել էր Փերլ Հարբորի հետ, ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Բեն Բերնանկեն էլ 2008–ի ճգնաժամի սկզբին վախենում էր «Մեծ դեպրեսիայի» կրկնությունից։
Իսկ ի՞նչ պատմական համանմանություն կա հիմա։ Ամենաբարձրաստիճան աղբյուրներն ունեցող Նյու Յորք Թայմսի թղթակից Դեյվիդ Սենգերը գրում է, որ Բայդենի վարչակազմը դեռ չի կողմնորոշվել, թե Աֆղանստանում ԽՍՀՄ-ի հետ «միջնորդական» պատերազմից ինչ դասեր կարելի է կիրառել Ուկրաինայում»։