ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով և ՀՀ նախագահի որոշմամբ՝ ԱԻ փոխնախարար Արմեն Փամբուխչյանը կնշանակվի ԱԻ նախարար:
Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին հաստատեց ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության ազատության ապահովման ժամանակավոր պատասխանատու Թագուհի Հովհաննիսյանը:
Արմեն Փամբուխչյանն այսօր, վարչապետի հրամանով, ազատվել է ԱԻ փոխնախարարի պաշտոնից:
Նշենք, որ Փամբուխչյանը 2018 թ. դեկտեմբերի 9-ին «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրվել էր ԱԺ պատգամավոր: 2020 թ․ սեպտեմբերի 17-ին օրենսդիր մարմնում գործունեությունը դադարեցնելու մասին դիմում էր ներկայացրել և վայր դրել պատգամավորական մանդատը: 2020 թ. սեպտեմբերի 24-ին ՀՀ Վարչապետի N 1090-Ա որոշմամբ՝ նշանակվել էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ:
Հիշեցնենք՝ ապրիլի 1-ին, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով, ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից: Նա ձերբակալվել էր մարտի 30-ին կաշառքի բազմադրվագ գործի մեղադրանքով:
Ավելի ուշ նախկին նախարարը կալանավորվեց:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով /3 դրվագ/ (խոշոր չափերով կաշառք ստանալը): Ըստ մեղադրանքի՝ կաշառքի գործով հաստատված բազմաթիվ դեպքերում ներգրավված են արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, վերջինիս խորհրդականը, ինչպես նաև ԱԻ նախարարության 10-ից ավելի աշխատակիցներ, այդ թվում՝ տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ: