2009 թվականին Նիկոլ Փաշինյանը գրել է.
«Իշխանական բայղուշները ժամանակ առ ժամանակ հանդես են գալիս «խիստ հավաստի» բայղուշագրություններով, թե ահա` հաստատ, «հարիր տոկոսով»` ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը ակտիվ քաղաքականությունից հեռանալու որոշում է կայացրել։ Նման կանխատեսումներ հնչել են 2008 թ. մարտի 1-ից անմիջապես հետո, 2008-ի ամռանը, 2008-ի աշնանը, 2009-ի ձմռանը, 2009-ի ամռանը եւ ահա` 2009-ի աշնանը։ Կանխատեսումների ինտենսիվությունը, ահա, գալիս է վկայելու, որ սա իշխանությանը ամենաշատ հուզող թեմաներից մեկն է։ Սերժ Սարգսյանը, անշուշտ, ՀՀ առաջին նախագահի ստվերից անգամ հոգեխանգարմունքի մեջ է ընկնում։ Հասկանալի է, որ շատ ավելի դաժան է գիտակցելը, որ Տեր-Պետրոսյանը միասնական ընդդիմության առաջնորդ է, դիտարկվում է որպես գործող իշխանության իրական այլընտրանք, եւ այս ընկալումը գերակա է ոչ միայն Հայաստանի ներսում, այլեւ միջազգային հանրության շրջանում։ Այս է պատճառը, որ չնայած Հայաստանի ԱԳ նախարարության տիտանական ջանքերին` միջազգային պատվիրակությունների գերակշռող մասը հայաստանյան այցելությունների օրակարգում պարտադիր կետ է ներառում` Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների հետ հանդիպման մասին։ Սրանով, սակայն, ՀՀ առաջին նախագահի` իշխանություններին պատճառած «հոգեխանգարմունքը» չի սահմանափակվում։ Վերջին տասը տարիների ընթացքում իշխանությունները ընդդիմությանը ամենաանհավանական մանիպուլյացիաների են ենթարկել, եւ դա եղել է ավազակապետության գոյատեւման հիմնական գաղտնիքներից մեկը։ Հայ ազգային կոնգրեսի ձեւավորումից ի վեր` իշխանությունը այս ոլորտում անհաղթահարելի դժվարությունների է հանդիպել, եւ բոլոր նախանշանները կան պնդելու, որ հայտնվել է տեղապտույտի վիճակում։ Եւ սա, աներկբա, քաղաքական դաշտում Լեւոն Տեր-Պետրոսյանի ակտիվ ներկայության արդյունքն է։ Կարճ ասած` իշխանությունը բոլոր հիմքերն ունի ոչ թե ցանկանալու, այլ երազելու Լեւոն Տեր-Պետրոսյանի հեռացումը ակտիվ քաղաքական գործունեությունից։ Եւ ահա, այս կենսական երազանքը իշխանական բայղուշները ժամանակ առ ժամանակ ներկայացնում են որպես հավաստի իրողություն։ Զարմանալին այն է, սակայն, որ նույնիսկ ընդդիմադիր դաշտում գտնվում են մարդիկ, ովքեր կուլ են տալիս այս խայծը։ Մինչդեռ Տեր-Պետրոսյանի ելույթներին հետեւած ամեն մարդ միայն կխնդա վերը հիշատակված բայղուշությունների առիթով։ ՀՀ առաջին նախագահը մի քանի ելույթներում հստակ արձանագրել է, որ տեսանելի ապագայում չի պատրաստվում հեռանալ ակտիվ քաղաքականությունից։ Իհարկե, խոսքի իր ոճին ու արվեստին հավատարիմ` նա մի փոքր քողարկված է այդ մասին խոսել, բայց ուղիղ խոսքը, ինչպես հայտնի է, երբեմն արժեզրկում է ասելիքը։ Եւ ուրեմն` ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետագա քաղաքական ծրագրերը հասկանալու համար պետք է ուշադրություն դարձնել հունիսին տեղի ունեցած հանրահավաքներից մեկում նրա ունեցած այն ելույթին, որտեղ հիշատակվում է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանի օրինակը, որը սոցիալիստական շարժման ալիքի վրա քաղաքական գործունեություն սկսելով` մի քանի անգամ անընդմեջ պարտվեց նախագահական ընտրություններում, բայց ի վերջո երկու ժամկետով անընդմեջ (14 տարի) նախագահեց Ֆրանսիայում։ Տեր-Պետրոսյանը պատահական խոսքեր չի ասում, եւ նրա այդ հիշեցումը ընդամենը մի բան է նշանակում. ինքն ակտիվ քաղաքականությունից չի հեռանալու, քանի դեռ ակտիվ քաղաքականությունից չի հեռացրել Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին։ Իհարկե, հեռացման նրա մեթոդաբանությունը կարող է շատերին դուր չգալ։ Բայց մեր դժգոհ համախոհներին ուզում եմ մի բան ասել. առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասիաթ ունի. ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս»։
«Հայկական ժամանակ», 7.11.2009թ.։