Քաղաքականություն

ԱՄՆ-ը սկսել է Գագիկ Խաչատրյանի ընտանիքի՝ Լոս Անջելեսի առանձնատունը բռնագանձելու գործընթաց civilnet.am

Ամերիկայի Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը սկսել է Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող, Լոս Անջելեսում գտնվող շքեղ առանձնատան բռնագանձման գործընթաց։ Այս մասին հայտնում է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը։

Առանձնատունը, որն ունի գրեթե 2 800 քմ մակերես, գտնվում է Լոս Անջելեսի Հոլմբի հիլս (Holmby Hills) թանկարժեք թաղամասի Սաութ Մափլթոն դրայվ (South Mapleton Drive) փողոցում։ Առանձնատունը գնել էին Խաչատրյանի որդիները՝ Արտյոմ և Գուրգեն Խաչատրյանները։ ԱՄՆ համապատասխան մարմինները առանձատան հետ կապված գործընթացը սկսել են Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության և Գլխավոր դատախազության դիմումների հիման վրա։

Ըստ ԱՄՆ արդարադատության նախարարության հաղորդագրության՝ առանձնատունը ձեռք է բերվել Հայաստանում «կոռուպցիոն սխեմայից ձևավորված եկամուտներով»։ Ըստ հաղորդագրության՝ երկուշաբթի Կալիֆոռնիայի Կենտրոնական շրջանի դատարանում ԱՄՆ արդարադատության նախարարությունը ներկայացրել է հայց՝ հայտնելով, որ գործարար Սեդրակ Առուստամյանը Խաչատրյանին և նրա ընտանիքին ավելի քան 20 միլիոն դոլար կաշառք է տվել՝ իր բիզնեսի նկատմամբ բարենպաստ հարկային վերաբերմունքի դիմաց:https://www.civilnet.am/wp-content/uploads/2022/05/050522-kabc-6p-mega-mansion-vid.mp4

Ամերիկյան ABC7 հեռուստաընկերության անդրադարձը

Քրեական այս գործը Հայաստանում հարուցվել էր 2020-ին։ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ»-ի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը, ըստ Ազգային անվտանգության ծառայության, ավելի քան 22 միլիոն դոլար էր տվել Խաչատրյանին՝ իր առևտրային կազմակերպությունների համար խոչընդոտներ չստեղծելու համար։ Գումարը, ըստ ԱՄՆ արդարադատության նախարարության, ուղղվել էր Լոս Անջելեսում առանձնատան գնմանը։ Առանձնատունը ներկայում վաճառքի է հանված 63,5 միլիոն դոլարով։

Ամբողջությամբ կարդացեք civilnet.am կայքում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version