Քաղաքականություն

«Իսկանդեր»-ի առեղծվածը 1in.am

«Առաջին լրատվական»-ին տված բացառիկ հարցազրույցում պատասխանելով «Իսկանդեր»-ով չկրակելու մասին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մեղադրանքի վերաբերյալ հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստացի արեց գրեթե սենսացիոն բացահայտում: Մասնավորապես, Փաշինյանը հայտարարեց, որ «Իսկանդեր»-ի հրթիռները չեն պայթել կամ պայթել են տասը տոկոսով: Նա նշեց, թե Սերժ Սարգսյանը տալիս է հարցեր, որոնց պատասխանը հենց ինքն էլ գիտի:

44-օրյա պատերազմի ընթացքում «Իսկանդեր»-ի վերաբերյալ հարցը ամենից արծարծվողներից էր: Բանն այն է, որ «Իսկանդեր»-ը ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հանրայնացվելով՝ ներկայացվում էր իբրև Հայաստանի մի ահեղ սպառազինություն, որը Բաքվի մոտ մշտապես կառաջացնի պատերազմ սկսելու հանդեպ ահ, իսկ սկսելու դեպքում ուղղակի կխորտակի Ադրբեջանը: Իհարկե, այստեղ հարկ է նկատել, որ առանց Թուրքիայի աջակցության Ադրբեջանն ինքը անկասկած չէր սկսի պատերազմ՝ ունենալով ահը ոչ միայն «Իսկանդեր»-ի առկայությունից, այլև ըստ էության հայկական բանակից ընդհանրապես, որը թեև սպառազինության արդիականությամբ և քանակով զիջում էր Բաքվին, սակայն մարտունակությամբ անկասկած գերազանցում: Պատկերը ամբողջապես փոխում է Թուրքիայի հանգամանքը՝ ՆԱՏՕ-ի ամենաուժեղ բանակներից մեկի, թե՛ իր արդիական տեխնոլոգիական սպառազինությամբ և թե՛ այդ ամենը ավտոմատացված կառավարելու արդիական կարողությամբ, ինչը բնականաբար կանխորոշում է ռազմական գործողությունների էֆեկտիվությունը և դառնում վճռորոշ գործոն: Ի վերջո դա է պատերազմի հինգերորդ սերունդ կոչվածը:

Այդուհանդերձ, «Իսկանդեր»-ը անշուշտ հզոր սպառազինություն է, թեև Բաքուն ունի դրա զգալի համարժեքները՝ բելառուսական «Պոլոնեզ» և իսրայելական «Լորա»: Այդուհանդերձ, ինչո՞ւ չի կրակել կամ չի պայթել հայկական բանակի ամենահնչեղ սպառազինությունը, որը նաև դիտարկվում է ռուսական ռազմարդյունաբերության նվաճում: Բանն այստեղ հազիվ թե լինի այն, որ այդ նվաճումն անորակ է:

Հարցն այն է, թե ինչ որակի են եղել Հայաստանին մատակարարվածները: Եվ այդ իմաստով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հատկանշական է ամիսներ առաջ՝ պատերազմի ավարտից հետո Հայաստանի ԳՇ նախկին պետ, գեներալ Արտակ Դավթյանի հայտարարության ֆոնին: Պատասխանելով 2018 թվականից հետո սպառազինության գնման 2017-ի պլանը փոխելու վերաբերյալ մեկ այլ գեներալ Մովսես Հակոբյանի մեղադրանքին, որը Հակոբյանը, ի վերջո, հետո ինքն էլ հերքեց և հայտարարեց, թե պլանը հեղափոխությունից հետո չի փոխվել, գեներալ Դավթյանը արել էր մի հայտարարություն, որն այն ժամանակ արժանացավ քիչ ուշադրության: Դավթյանը հայտարարել էր, որ պլանը չի փոխվել, և փոխելն էլ այդքան դյուրին չէ, քանի որ դա երկկողմ գործընթաց է, այսինքն՝ պետք է համաձայնեցվի մատակարարող կողմի հետ: Դավթյանը միաժամանակ հայտարարել էր, թե ինքը ԳՇ պետ եղած ժամանակ ունեցել է միայն «Իսկանդեր»-ի հրթիռների առումով փոփոխություն նախաձեռնելու մտադրություն, ինչը, սակայն, չի իրականացել, քանի որ այդ մտադրությունը հավանություն չի գտել ռուսական կողմում: Գեներալը չի ներկայացրել մանրամասներ, թե հատկապես ինչը և ինչու է ցանկացել փոխել «Իսկանդեր»-ի հրթիռների առումով՝ նշելով, որ այստեղ կա պետական գաղտնիք պարունակող տեղեկություն:

Բայց այժմ, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ հրթիռները չեն պայթել կամ պայթել են 10 տոկոսով, և դա գիտեր նաև Սերժ Սարգսյանը, պատերազմից հետո Արտակ Դավթյանի արած հայտարարությունը դառնում է խիստ ուշագրավ: Ի՞նչ խնդիրներ են ունեցել Հայաստանին մատակարարված «Իսկանդերները», ինչո՞ւ, ո՞վ է եղել դրանց համար պատասխանատու, Երևանը մինչև 2018 թվականը բարձրացրե՞լ է այդպիսի հարցեր Ռուսաստանի առաջ և ի՞նչ պատասխան է ստացել: Հրթիռների հետ հնարավոր խնդիրների մասին արդյոք տեղյա՞կ է եղել Ադրբեջանը:

1in.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version