Հասարակություն

«Եռաբլուր»-ի տարածքում գողացել են զոհված մայորի շիրիմին այցի եկած քրոջ դրամապանակը. կասկածյալը բերման է ենթարկվել

Մայիսի 31-ին, ժամը 17:25-ին, ՊՆ «Եռաբլուր» զինվորական պանթեոն-հուշահամալիրից ՊՆ ռազմական ոստիկանության Երևանի բաժին հեռախոսագիր է ստացվել առ այն, որ անհայտ անձը պանթեոնի տարածքից գողացել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող, մայոր Գեորգի Լյովայի Մինասյանի շիրիմին այցելության եկած վերջինիս քույր՝ Մ. Խաչատրյանին պատկանող դրամապանակը, որի մեջ եղել է գումար, բանկային քարտեր և այլն։

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ ՌՈ օպերատիվ ստորաբաժանումներն անմիջապես ձեռնամուխ են եղել հանցագործին հայտնաբերելուն։

Ըստ հաղորդագրության՝ հաջորդ օրը՝ հունիսի 1-ին, ՌՈ Երևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ստացված օպերատիվ տվյալներն իրականացնելիս ձեռնարկված լայնածավալ և տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Երևան քաղաքի Անդրանիկի փողոցից գողություն կատարելու կասկածանքով ՌՈ Երևանի բաժին բերման է ենթարկվել Երևան քաղաքի բնակիչ Վ. Ա.-ն, ով տեղում փաստական տվյալների համադրմամբ տվել է խոստովանական ցուցմունք։

Դեպքի առթիվ ՊՆ ՌՈ Երևանի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի (գողության) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ամենաընթերցվածները

Exit mobile version