Քաղաքականություն

Արմեն Խաչատրյանը չի բացառում, որ Ֆրանսիայի հրապարակը կարող են ազատել ընդդիմության վրաններից

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը չի բացառում, որ իշխանությունները կարող են Երևանի Ֆրանսիայի հրապարակն ազատել վրաններից և այդ կերպ կարգավորել քաղաքի երթևեկությունը:

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց իշխանական պատգամավորը` անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության գործողություններին:

Հարցին, թե ինչ դիրքորոշում ունի իշխանությունն անհարգելի բացակայած պատգամավորների` մանդատից զրկելու հարցի վերաբերյալ, Արմեն Խաչատրյանն ասաց.

«Այդ հարցն ամենօրյա ռեժիմով մեկս մյուսի հետ քննարկում ենք տարբեր ձևաչափերով: Դեռևս որոշում չկա, կարծիքները տարբեր են, բայց մենք շատ կցանկանանք, որ պատգամավորները վերադառնան և զբաղվեն իրենց գործառութային պարտականություններով»:

Ըստ Խաչատրյանի` այս հարցով իշխող ուժի վերջնական որոշումն ընդդիմության վարքագծով է պայմանավորված:

«Մենք կտեսնենք` ինչպիսի դրսևորումներ են լինում այդ վարքագծում, ըստ այդմ որոշում կկայացնենք: Նաև ասեմ, որ իշխանությունները քաղաքացիների կողմից բավական ուժեղ ճնշման տակ են, որ երթևեկությունը պետք է կարգավորել: Հնարավոր է, որ նման որոշում կայացվի, որովհետև այդ հավաքը չարտոնված է, եթե ուզում են հավաք անեն, կարող են էնպիսի տեղ անեն, որ երթևեկությանը չխանգարեն»,- ասաց Խաչատրյանը:

Պատգամավորը ոստիկանության գործողությունները իրավաչափ է որակում, ասում է` նույնիսկ սահմանվածից ավելի հանդուժող են: Ինչ վերաբերում է Կոնդի առանձնատների հատվածում տեղի ունեցած բախմանը և ոստիկանության կիրառած հատուկ միջոցներին, Խաչատրյանն ասում է, որ ոստիկանությունը պարտավոր էր հատուկ միջոցառում կիրառել:

«Բայց պետք չէ էդ մի էպիզոդը նայել ոստիկանության գործողությունների մասով, արդեն գրեթե երկու ամիս է՝ ոստիկանությունն օրուգիշեր ծանրաբեռնված ռեժիմով հասարակական կարգ է պահպանում, և ոչ մի անգամ հատուկ միջոցներ չեն կիրառվել, բայց երբ ոստիկանության նման գործողությունները բերում են նման արդյունքի, և զանգվածային անկարգություններ են տեղի ունենում, սա նշանակում է, որ ոստիկանությունն իր տակտիկան պետք է փոխի»,- ասաց նա:

Ամենաընթերցվածները

Exit mobile version