Քաղաքականություն

Ինչպես էր ՀՅԴ-ն վիժեցնում հաղթական խաղաղությունը․ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը ՀՅԴ-ի և ՀՌԱԿ-ի հետ. 16 հունիս, 1993թ․

Երեկ [1993 թվականի հունիսի 16-ին] Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպեց ՀՅԴ Բյուրոյի և ԿԿ անդամներ Ռուբեն Հակոբյանի, Վարդան Հակոբյանի, Տիգրան Ճինպաշյանի և Ոստանիկ Մարուխյանի հետ:

Տեր-Պետրոսյանն ասաց. “Սա մեր երկրորդ հանդիպումն է` կապված նույն հարցի հետ (Առաջին հանդիպումը կայացել է Վահան Հովհաննիսյանի և Գառնիկ Իսագուլյանի հետ): Հայաստանը պնդում է, որ պետք է համաձայնել այդ նախաձեռնությանը… Հայաստանը հասել է այն բանին, որ պետք է տանք դրական պատասխան, չնայած բոլոր դժվարություններին, չնայած լուրջ դիմադրությանը, մասնավորապես՝ ձեր կուսակցության կողմից: Հայաստանը հասել է այն բանին, որ Լեռնային Ղարաբաղը նույնպես պետք է դրական պատասխան տա: Ասվեց, որ դա արվելու է, և խնդրում ենք ձեզնից, որ չխանգարեք: Դուք խանգարեցիք ձեր բոլոր կարողություններով, բայց մեզ հաջողվեց հասնել մեր նպատակին: Բայց սա դեռ ճանապարհի կեսն է, բուն գործընթացը սկսվելու է այս պատասխանից հետո: Այսօր ձեզ ուղղում եմ նույն կոչը` մի խանգարեք, միևնույնն է` դա իրականանալու է, և դրա արդյունքում Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը դուրս են գալու շահած: Եվ դուք, լինելով 103-ամյա կուսակցություն, ոչ միայն դուրս կմանք այդ հաջողությանը մասնակից լինելու պատվից, այլ նաև կկրեք այդ հաջողությունը տապալել փորձելու խարանը:

Ես կոչ եմ անում դադարեցնել ձեր այդ անբարոյական կամպանիան, որ վարում եք ձեր թերթերում: Անբարոյական, որովհետև դուք շատ լավ գիտեք ճշմարտությունը, մասնավորապես` նկատի ունեմ Գեորգի Պետրոսյանի պահվածքը: Գեորգի Պետրոսյանը միակ անձնավորությունն էր, որ վճռականորեն և հետևողականորեն պայքարում էր դրական պատասխան տալու համար: Ինձ մոտ կա Գեորգի Պետրոսյանի ելույթի ամբողջական տեսագրությունը: Եվ ես ձեր դրդմամբ ստիպված եմ դա ցուցադրել մեր ժողովրդին, որպեսզի հերքեմ ձեր տարածած զրպարտությունները: Դուք բազմիցս հայտարարել եք, որ Հայաստանի նախագահը անհանդուրժողական է, չի ընդունում մեր համագործակցության առաջարկները: Ես իսկապես չեմ ընդունում ձեր համագործակցությունը, որովհետև այդ առաջարկներն անկեղծ չեն եղել:

Այսօր ձեզ հրաշալի հնարավորություն է ընձեռված (ես ասում եմ վերջապես, որովհետև այս հինգ տարում` 88-ի փետրվարի 20-ից սկսած դուք չեք արել դա), որ դուք մասնակիցն եք Հայաստանի անկախության ձեռքբերմանը, ԼՂ ազատագրական պայքարին և հայոց պետականության կայացմանը: Միևնույնն է` առանց ձեր մասնակցության մենք այդ անկախությունը ձեռք բերեցինք: Ես ավելի խիստ չեմ ուզում ասել` և ձեր դիմադրությամբ հանդերձ: Միևնույնն է, ձեր դիմադրությամբ հանդերձ, մենք ընդունելու ենք սահմանադրություն: Իմ հանձնարարությամբ Հայաստանի արտգործնախարարը Աթենքում հանդիպել է ձեր կուսակցության ղեկավար Հրայր Մարուխյանի հետ մոտ տասն օր առաջ: Նրան արվել է նույն առաջարկը: Մենք մտնում ենք շատ վճռական փուլ` դժվարին, ծանր, բայց էապես տարբերվող նախորդ փուլից: Ես համոզված եմ, որ պատերազմի փուլն ավարտված է, սկսվում է խաղաղության փուլը…”:

Վարդան Հակոբյան. “Նման մեղադրանքները, որ դուք ներկայացրեցիք, փաստորեն վկայում են այն մասին, որ Դուք տեղյակ չեք կուսակցության ղեկավարության դիրքորոշմանը կամ թե թյուրիմացության մեջ եք… Մենք հասկանում ենք, որ նախագահը շատ մեծ պատասխանատվություն է վերցրել, և դա նախագահի իրավունքն է միայն: Ընդդիմությունը կարող է ինչ-որ տեղ իր կարծիքն արտահայտել, գնահատական տալ, բայց հասկանալով, որ այո-ի դեպքում էլ է մեծ ռիսկ, ոչ-ի դեպքում էլ: Մենք Գեորգի Պետրոսյանի հետ շատ լուրջ ենք քննարկել հարցը… Ըստ էության, երաշխիքների վերաբերյալ ոչ մի լուրջ փաստարկ չկա… ՀՅԴ գլխավոր խնդիրը Հայաստանի պետականության կայացումն ու ուժեղացումն է”:

Տեր-Պետրոսյան. “Ցանկության դեպքում Դուք կունենայիք ամբողջական ինֆորմացիա: Չի եղել դեպք, որ դուք դիմեք Հայաստանի նախագահին կամ նախագահի խորհրդականներին և նրանք ձեզ չընդունեն, ձեզ չլսեն: Ես բացատրություն չեմ գտնում այն փաստին, որ նախագահի հրամանագրով ձեզ առաջարկվեց անվտանգության խորհրդում ունենալ մեկ անդամ, որը հնարավորություն կունենար տիրապետելու ողջ ինֆորմացիային, և դուք չօգտվեցիք այդ առաջարկությունից”:

Նույն օրը ավելի վաղ Տեր-Պետրոսյանը հանդիպում էր ունեցել ՀՌԱԿ ղեկավարության հետ, որի ընթացքում ասել էր.

“Ավարտվում է պատերազմի փուլը, և մեզնից է կախված, բոլորիցս, թե ինչպես կօգտագործենք խաղաղության փուլը: Հայ ժողովուրդը պատվով դուրս եկավ պատերազմի փուլից: Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների այդ վերջին դիրքորոշումը խաղաղ գործընթացի նկատմամբ միակ ճիշտ դիրքորոշումն է… Ես ԼՂ իշխանությունների նկատմամբ ոչ մի ճնշում չեմ գործադրել, ես նրանց ներկայացրել եմ իրավիճակը և մերժման դեպքում հնարավոր, ես կասեի` ակնհայտ հետևանքները: Եվ ամենահիմնականը` այլընտրանքի բացակայությունը: Լեռնային Ղարաբաղի իշխանությունները, մասնավորապես ԳԽ նախագահությունը ՀՅԴ Բյուրոյի հրահանգով խուսափում էր որոշում կայացնելուց: Ես սա եմ համարում խուսափում պատասխանատվությունից:

Միակ մարդը Գեորգի Պետրոսյանն էր, որ վճռականորեն պայքարում էր խաղաղարար ծրագրին դրական պատասխան տալու համար: Մինչև վերջին րոպեն նա էր պայքարում: Գորիսում նա հարցը դրեց վերջնագրի ձևով, որ ինքը ստորագրում է, դրանից հետո ԳԽ-ն կարող է իր նկատմամբ արտահայտել իր վերաբերմունքը: ԳԽ նախագահությունը իր ամբողջ կազմով համաձայնեց այսպիսի դիրքին և լիազորեց Գեորգի Պետրոսյանին ստորագրել այդ փաստաթուղթը, որից անմիջապես հետո ԼՂ պատվիրակությունը մեկնեց Գորիսից:

Գեորգի Պետրոսյանը Դավիթ Շահնազարյանի հետ գնաց Գորիսի քաղգործկոմ` ֆաքսով ուղարկելու այդ պատասխանը: Այդ ընթացքում Գեորգի Պետրոսյանի նկատմամբ տեղի ունեցավ նաև ահաբեկման սպառնալիք, նրա ֆիզիկական ոչնչացման սպառնալիք: Պետրոսյանը գտնվելով այսպիսի ճնշման տակ ոչինչ չէր մնում, բացի հրաժարականից: Պետրոսյանը Գորիսից զանգեց Երևան` Մանվել Սարգսյանին, նրա հետ ունեցավ կես ժամանոց զրույց, և նրանից ստացավ կտրուկ հրահանգ` չստորագրել այդ փաստաթուղթը:

Ես չեմ թաքցնում` խաղաղարար ծրագիրը իր մեջ ռիսկ է պարունակում և մեծ ռիսկ: Բայց հաշվելով բոլոր թեր ու դեմ կողմերը, նկատի ունենալով առկա թեկուզ թույլ երաշխիքները, նկատի ունենալով հետագայում այդ երաշխիքների ամրապնդման ամենալուրջ, ամենաբարձր մակարդակը` Քլինթոնի, Ելցինի, Միտերանի մակարդակի հավաստիացումները, և նկատի ունենալով այլընտրանքի բացակայությունը, Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը գնացին այդ ռիսկին: Այսօր պահն է, որ ողջ հայ ժողովուրդը, առավել ևս` քաղաքական կուսակցությունները, մենակ չթողնեն ԼՂ իշխանություններին”:

Հայաստանի Հանրապետութիւն, թիւ 119, 17 հունիս, 1993թ.

Ամենաընթերցվածները

Exit mobile version