Քաղաքականություն

Լրտեսության մեջ մեղադրվող կինը Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում է աշխատել. նրա փոխանցած վերջին տեղեկությունը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ Արցախի ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց հերթական լրտեսին բացահայտելու մասին: Բավականին մանրակրկիտ նկարագրված էին Արցախի Հանրապետության քաղաքացի, պետական համակարգի աշխատակից Ա. Հ.-ի գործողությունները, ով 2021-ի մայիսից Ֆեյսբուքի միջոցով հավաքագրվել է եւ օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակիցներին «ՀՀ-ում եւ Արցախում տիրող իրավիճակի, առանձին դեպքերի եւ գործընթացների վերաբերյալ տեղեկություններ» է հաղորդել: Մեկ տարվա ընթացքում երկու անգամ մեկնել է Ուկրաինա եւ Վրաստան, որտեղ գումարներ եւ նվերներ է ստացել ու պայմանավորվել ամենամսյա վարձատրության շուրջ:

Հաղորդագրության մեջ ասված է, որ նա փոխանցել է «Արցախի Հանրապետության տնտեսական վիճակի, Արցախի եւ ՀՀ-ի սոցիալական, քաղաքական իրավիճակի, առանձին գործընթացների, Արցախի ԱԳՆ-ի գործունեության, կառուցվածքի եւ ղեկավար կազմի, Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորքերի, հայ-ադրբեջանական սահմանային միջադեպերի, տեղահանված Արցախի քաղաքացիների թվի, պետության կողմից նրանց տրվող աջակցության եւ այլ տեղեկություններ, որոնք զգալի վնաս են հասցրել ԱՀ արտաքին անվտանգությանը»:

Մենք տեղեկացանք, որ լրտեսության մեջ բացահայտված կինը Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում է աշխատել, եւ նրա փոխանցած վերջին տեղեկությունը վերաբերել է Արցախի նախագահի` Մոսկվա կատարելիք ուղեւորությանը: Ինքնաթիռի տոմս գնելուց րոպեներ անց Ադրբեջանը նոտա է հղել Մոսկվային` այդ այցի կապակցությամբ: Պարզվել է, որ գործակալը շատ «օպերատիվորեն» փոխանցած է եղել տեղեկատվությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version