Քաղաքականություն

Սյունիքի Սոսիների պուրակ. Մեհրիբան Ալիևայի և Աննա Հակոբյանի այցելության նույն վայրը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է վարչապետի տիկին Աննա Հակոբյանի Սյունիք այցին։ Գրառման մեջ ասվում է․

«Պարզվում է Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանն էլ է այցելել Սյունիք՝ Ներքին Հանդ, որտեղ էի նախօրեին։ Ենթադրելի էր, որ թշնամու հենակետից 500 մետր հեռավորության վրա գտնվող համայնքի դարդ ու ցավից կհարցնի, բայց, ըստ իրեն, կանայք ցանկացել են էքսկուրսիա գալ Երևան, նա էլ որոշել է Գառնի-Գեղարդ նրանց տանել։

Լու՞րջ։ Երեկ էինք այնտեղ, Ներքին Հանդի բնակիչների հետ էինք խոսում։ Մտահոգություններն այլ էին՝ գյուղի գլխին թուրքն է նստած, հազար ու մի հարցեր (մի մասն էլ, ի հեճուկս թշնամու, չեմ բարձրաձայնում)։ Նիկոլի տիկինը Ներքին Հանդ այցելելիս լավ կաներ մի հատ մտահոգվեր, թե ինչպես գյուղի ողջ տարածքի գլխին թշնամին եկավ հայտնվեց այս տարվա փետրվարի վերջին, մարտի առաջին օրերին ու հիմա վերահսկում է մեր դիրքերը, գյուղը, ճանապարհը։ Իսկ իր ամուսինը, պաշտպանության նախարարը հերքում են այդ փաստը (լուսանկարը դնում եմ, որ մի հատ նայի)։ Լուսանկարում նույն Ներքին Հանդի մարդիկ են, նաև կանայք, որոնցից մեկ-երկուսին տեսա իր հետ խմբանկարում։ Նրան իրո՞ք ամենաշատն ուզում են երևանյան տեսարժան վայրեր այցելել, թե՞ մտածում են անվտանգության մասին։

Իսկ Սոսիների պուրակի մասին Աննա Հակոբյանն իր էջում պատմություն գրելուց լավ կաներ ոչ թե երկար հեքիաթ պատմեր, այլ արձանագրեր, որ 30 տարի այդ պուրակն ամբողջությամբ Հայաստան պետության մաս էր, մեկ ամբողջություն, մեկ ընդհանուր արգելավայր, որի մի մասն իր ամուսնու ստորագրությամբ, դրանից հետո արդեն կապիտուլյացիան հայտարարության ստորագրումից մեկ ամիս անց, 2020 թվականի դեկտեմբերի 18-ի գաղտնի փաստաթղթով հանձնեց թշնամուն (փաստաթղթի գոյության մասին նրա ամուսինը մեկ տարի լռում էր, ստում էր ու միայն հետո ստիպված ընդունեց փաստը, որ պատերազմն ավարտվել էր, զինադադար էր, ավելի ուշ էլի տվեց Հայրենիքից)։

Երեկ Ներքին Հանդ այցելելիս սիրտ չունեինք Սոսիների պուրակ այցելելու, ժամանակ չունեինք, մտահոգություններս անվտանգությունն էր, դիրքերը։ Բայց որ Աննա Հակոբյանը Ներքին Հանդ գնալիս առաջինը շտապել է Սոսիների պուրակ, պետք է հիշի, որ այս անգամ նրանից առաջ այստեղ է շտապել Մեհրիբան Ալիևան։ Դեռ 2021 թվականի ապրիլի 26-ին է եղել այնտեղ։ Չգիտեմ, Աննային հրավիրե՞լ էր նույն պուրակ, բայց Ալիևի տիկնոջը Նիկոլի տիկինը Շուշի հրավիրել էր թեյ խմելու։ Ողբերգական ավարտը բոլորին է հայտնի։

Հ.Գ. Աննա Հակոբյանը մեկ էլ հայտնել է, թե՝ «…գյուղի բնակիչները հայտնեցին իրենց մտահոգությունները։ Վարչապետի տիկինը ասաց, որ կառավարությունն ամեն բան անում է խաղաղության օրակարգի հաստատման համար»։ Հասկացա՞վ, որ այսօր Սյունիք իր այցելած մայրուղու հարակից Ելփին գյուղի վրա, խաղաղ երթևեկողների վրա ադրբեջանցիները կրակել են։ Թե՞ խաղաղության հետ դա կապ չունի…

Հ.Հ.Գ Երբեք հրապարակային ուրիշների կանանց մասին չեմ արտահայտվում։ Բայց Աննա Հակոբյանը վաղուց դադարել է հանդես գալ սեռով ու Նիկոլով պայմանավորված։ Նա Հայաստանի ազգային անվտանգության սպառնալիք է, ավելի ճիշտ՝ դավաճանի ու աղետի ուրվական»:

Ամենաընթերցվածները

Exit mobile version