Սոցցանցեր

Ուզո՞ւմ եք անկեղծ, լինենք անկեղծ

Հարութ Ուլոյանը ֆեյսբուքում գրել է.

Ուզո՞ւմ եք անկեղծ, լինենք անկեղծ
1. ՀՀ ներկայիս իշխանությունները, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, օրենսդրական փոփոխություններից հետո պետք է հրաժարական տան և պետք է տեղի ունենան նոր, կատարյալ օրինական վերահսկողությամբ ԱԺ ընտրություններ: Սրանում ամենաշահագրգռվածը պետք է լինի հենց անձամբ Փաշինյանը: Սակայն դա պետք է տեղի ունենա ոչ թե ներկայումս փողոցներում քարշ եկող քաղաքական խաժամուժի պահանջով, այլ ներքին կայունությունը վերականգնելուց հետո` որպես սթափ գիտակցության արդյունք:

2. Փաշինյանի հրաժարականի հիմքը ոչ այնքան պատերազմում կրած պարտությունն է, այլ նրա կողմից ցուցաբերված պետականակործան արկածախնդրությունը (ավանտյուրան): Փաշինյանն ինքն է, ըստ էության, խոստովանում, որ նա այլ հույսեր ու ակնկալիքներ ուներ, սակայն դրանք հօդս են ցնդել: Այն, ինչ ստացել ենք այժմ, կարելի էր, նախկին բուն ԼՂԻՄ-ի տարածքից ոչ մի տարածք չկորցնելով, ստանալ թե պատերազմից առաջ, թե պատերազմի ցանկացած օր` մինչև Հադրութի ու Շուշիի անկումը: Դրա համար ընդամենը պահանջվում էր հրապարակավ ընդունել բոլորին հայտնի և մեծամասնության կողմից մերժված սկզբունքները կամ պլանը: Ավելի պարզ ասած, պատերազմը կկանգներ (կամ չէր էլ սկսվի) ցանկացած պահի, եթե Փաշինյանը համաձայներ «հանձնել» Արցախի վերահսկողության տակ գտնվող 5+2 շրջանները (բացառությամբ Լաչինի միջանցքի), չմերժեր բանակցություններն ու համաձայներ ռուս խաղաղապահների տեղակայմանը: Հակառակ դրան, նա տրվելով և տարվելով նախկինների սադրանքներին ու ոչմիթիզհողական ազգակործան տրամադրություններին, փորձեց 2 տարի շարունակ տանել «սեփական գիծը» և տարատեսակ ճոռոմաբանների միջոցով, առավել ևս պատերազմի առաջին օրերին, սկսեց քարոզել բացարձակապես այլ թեզեր: Պատերազմի ընթացքում, արդեն, ակնհայտ էր դարձել, որ ցանկացած յուրաքանչյուր հաջորդ օր Փաշինյանը շատ ավելի ծանր պատասխանատվության տակ է ընկնում, քան դրա նախորդ օրը: Չհաշտվելով այդ իրողության հետ ու «վա բանկ» գնալով, Փաշինյանը փորձ էր անում թեկուզ չնչին շահեկան դիրքեր գրավել թե բանակցային սեղանին, թե պատերազմի դաշտում, ինչի արդյունքը եղավ այն, ինչ ունենք այսօր:

3. Բոլոր ոչմիթիզհողականները, այդ թվում ներկայումս օր առաջ Փաշինյանի հրաժարականը պահանջողները, ովքեր ասում են, թե «տարածքները տալիս էիր, նախօրոք տայիր», նրանք բոլորը էժանագին ստախոսներ ու պատասխանատվությունից խուսափողներ են: Այդ մարդիկ հասել են մի տեղ, որտեղից ամենաստորին բարոյական դրսևորումներով նույնիսկ պնդում են, թե «դե բոլորս էլ գիտեինք, որ մի քանի շրջան պիտի հետ տանք, հենա թող սկզբից տար, էլ սենց օրը չէինք ընկնի»: Ու սա ասում են այն մարդիկ, ովքեր 24 ժամ ոչմիթիզհողականություն էին քարոզում: Դա էլ հերիք չի, պաշտոնապես հայտարարում էին, որ մերժում են թե «Լավրովյան պլանը», թե «փուլային» ցանկացած լուծում: Բացի իշխող ուժից, ԱԺ-ում ներկայացված մյուս երկու ուժերը ևս ամբողջապես կիսում են Փաշինյանի արկածախնդրությունը, քանի որ պատերազմի առաջին օրը, երբ վերջինս ներկայացրեց «մինչև վերջ գնալու» իր պատրաստակամությունը, այդ ուժերը բուռն-էմոցիոնալ կերպով պաշտպանեցին այդ դիրքորոշումը: Բա տղա էիք, այդ ժամանակ ԱԺ ամբիոնից անհամաձայնություն հայտնեիք ու պնդեիք, որ ձեզ համար ընդունելի է այդօրվա սեղանին դրված պլանը: Հիմա էս մարդիկ եկել դավաճաններ են ման գալիս:

4. Տարբեր խարդավանքների, շանտաժի ու ապօրինությունների միջոցով օր առաջ Փաշինյանի հրաժարականը պահանջողները, զուտ մարդկայնորեն, այո, վստահ եմ, որ շատ ծանր են տանում վերջին իրադարձությունները: Նույնը վերաբերում է նաև այդ տրամադրությունները հրահողներին: Սակայն զուտ քաղաքական առումով, վերջիններս, այսինքն` հարթակում գտնվողները, չափազանց երջանիկ են ստեղծված իրավիճակով: Նախ, Փաշինյանին հեռացնելու և իրենց ռևանշիստական պլաններն ի կատար ածելու համար վերջապես ի հայտ եկավ ռեալ շոշափելի գործոն և, երկրորդ, վերջնականապես սեփական ձեռքերը լվացին «հող հանձնողի» հնարավոր պիտակավորումից, կամ, մեծ հաշվով, Արցախի հարցից: Հավատացեք, նրանց մեջ կան ուժեր, ովքեր 32 տարի է քաղաքական առումով դա էին երազում:5. Փաշինյանն արկածախնդիր է, բայց դավաճան չէ: Դավաճան կդառնա այն դեպքում, երբ հրաժարական կներկայացնի «Արցախի փրկիչներ» ներկայացող խաժամուժի պահանջով, կամ, հակառակը, ինքը կսկսի տարբեր արհեստական խարդավանքներ ստեղծել` սեփական իշխանությունն ամեն գնով երկարաձգելու համար:

Ամենաընթերցվածները

Exit mobile version