«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը շուրջ կես տարի առաջ հայտարարեց Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման նախագծի մասին, որը օրերս դրական գնահատական ստացավ ՀՀ կառավարության կողմից: Հուլիսի 9-ին մեկնարկած շինարարական աշխատանքներին զուգահեռ՝ հասարակական տարբեր շրջանակներում նախագիծը լայն քննարկման արժանացավ, հնչեցին և′ դրական կարծիքներ, և′ քննադատություններ առ այն, որ նախագիծն ունի հակասող կողմեր գործող օրենսդրությանը և հայ պատմամշակութային արժեքներին: ԼՈՒՐԵՐ.com-ը թեմայի շուրջ զրուցեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Միքայել Մելքումյանի հետ:
«Սա շատ լուրջ, բացառիկ, միջազգային բնույթի մեծ նախագիծ է, որն ունի և′ հոգևոր, և′ լուսավորչական, և′ տնտեսական՝ զբոսաշրջային, կողմ ու դրանում օրենքին հակասող որևէ բան չկա: Եթե ՀՀ կառավարությունը քննարկել և հավանություն է տվել նախագծին, ինչպես նաև տարբեր գործիչներ, ապա ինձ համար առնվազն անհասկանալի է նման արհեստական մտահոգություններ հայտնելը: Հասկանալի է, որ ցանկացած նախագիծ կարող է ունենալ տեխնիկական (ոչ հիմնարար) խնդիրների ճշգրտման կարիք, բայց ոչ ավելին»,-նշեց Մ. Մելքույմյանը:
Նրա խոսքով՝ մենք հիմա այն վիճակում ենք, որ չպետք է կղզիանանք մեր մտորումներում, այլ պետք է առաջ նայենք:
«Ես համոզված եմ, որ երբ վեր հառնի Հիսուս Քրիստոսի արձանը, և պետությունն իր մաշկի վրա զգա, թե ինչ ուժեղ, կենսական երակ առաջացավ այդտեղ, նույն մարդիկ լրիվ հակառակ բանն են ասելու: Եկեղեցին էլ է ողջունելու»,-իր խոսքը եզրափակեց Մ. Մելքումյանը: