Առողջություն

Օմիկրոնի նոր շտամերի պատճառով կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում աճում է (Տեսանյութ)

Օմիկրոն BA.4 և BA.5 … Կորոնավիրուսի նոր շտամերի անվանումներն են, որ վերջին շաբաթներին հայտնվել են աշխարհի տարբեր մայրցամաքներում ապրող մարդկանց շուրթերին: Հունիս ամսվա վերջին շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն աշխարհում աճել է 18%-ով. գրանցվել է ավելի քան 4 միլիոն նոր դեպք։ ԱՀԿ տվյալների համաձայն՝ COVID-19-ի նոր դեպքերի ամենամեծ շաբաթական աճը գրանցվել է Մերձավոր Արևելքում, որտեղ վարակակիրների թիվն աճել է 47%-ով, Եվրոպայում և Հարավարևելյան Ասիայում՝ մոտ 32%-ով, իսկ Ամերիկայում՝ մոտ 14%-ով։

Թեդրոս Գեբրիեսուս (ԱՀԿ տնօրեն) — Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի դեպքերն ավելանում են: Եվրոպայում և Ամերիկայում կորոնավիրուսի նոր BA.4 և BA.5 շտամերը բռնկման ալիքի պատճառ են դարձել: Հնդկաստանում էլ հայտնաբերվել է նոր ենթաշարք, որն ԱՀԿ-ի ուշադրության կենտրոնում է:

Աշխարհի տարբեր համալսարանների գիտնականներ կարճ ժամանակում հասցրել են առանձնացնել նոր շտամի ամենաարտահայտիչ ախտանիշներից մեկը՝ առատ քրտնարտադրություն: Մասնագետները նաև փաստում են, որ շտամը չափազանց արագ է փոխանցվում: Մեծ Բրիտանիայում, օրինակ, COVID-19 դեպքերն աճել են 20 տոկոսով, նախորդ շաբաթ 2,7 միլիոն դեպք է գրանցվել. դա նշանակում է, որ 25 մարդուց 1-ը վարակակիր է եղել։

Մարկո Կավալերի (Դեղերի եվրոպական գործակալության պատվաստումների ռազմավարության ղեկավար) — Վարակի արագ տարածումը պայմանավորված է Omicron BA.4 և BA.5 տարբերակներով. դրանք շատ արագ են տարածվում: Հաշվի առնելով այս օրերի պատկերը՝ կանխատեսվում է, որ նոր շտամերը եվրոպական երկրներում գերիշխող կդառնան մինչև հուլիսի վերջ:

Այս ֆոնին Եվրահանձնաժողովը Եվրամիության բոլոր երկրներին կոչ Է արել սկսել COVID-19-ի դեմ պատվաստանյութերի երկրորդ խթանիչ դեղաչափի ներարկումը 60-ից բարձր անձանց: ԵՀ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան դե Քեերսմաքերը մանրամասնել է, որ երկրորդ խթանիչ դեղաչափը առաջարկվում Է ներարկել ոչ վաղ, քան առաջինից հետո չորս ամիս անց: Իր հերթին Եվրոպայի Հիվանդությունների կախարգելման և վերահսկողության կենտրոնի տնօրենը հայտնել Է, որ այս օրերին նկատվում է նաև հոսպիտալացումների թվի ավելացում: Առողջապահական կառույցներն ու ոլորտի առաջատար մասնագետները կոչ են անում պաշտպանվել կորնավիրուսի նոր շտամով վարակվելուց՝ պատվաստումների օգնությամբ:

Աշխարհում կորոնավիրուսի մահացության ցուցանիշով առաջին տեղում շարունակում է մնալ ԱՄՆ-ը, որտեղ 7 օրում մահացել է ավելի քան 1600 մարդ։ Հաջորդը Բրազիլիան է, ապա՝ Գերմանիան:

Հայաստանի հարևան երկրներում նույնպես կորոնաթվերը շարունակում են աճել:

Վրաստանում վերջին նախորդ 2 շաբաթվա համեմատ՝ կորոնադեպքերը երկուսուկես անգամ ավելացել են: Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարը խորհուրդ է տվել փակ տարածքներում դիմակ կրել։ Ամիրան Գամղրելիձեի խոսքով՝ Վրաստանում վարակվածների 7-8 տոկոսը հոսպիտալացվել է, և եթե առաջիկայում դեպքերը շատանան, հիվանդանոցների վրա ճնշումը նույնպես կավելանա։ Նա քաղաքացիներին կոչ է անում պատվաստվել:

Իրանի առողջապահության նախարարության տվյալով՝ երեկ Իրանում գրանցված կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը ապրիլի 27-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 1000-ը։ Այս ֆոնին երկրում մեկնարկել է կորոնավիրուսի դեմ պատվաստումների չորրորդ փուլը։ Իրանում այժմ 14 քաղաք «նարնջագույն» և 4 քաղաք՝ «կարմիր» գոտում է։ Ավելի վաղ Իրանը խստացրել էր սահմանափակումները տարբեր ճանապարհներով երկիր մուտք գործողների համար:

Նախորդ ամիսների համեմատ՝ կորոնավիրուսով վարակվածների թիվը գրեթե հինգ անգամ աճել է Թուրքիայում: Թուրքիայի առողջապահության նախարարը կոչ է արել 50 տարեկանից բարձր և խոցելի խմբի քաղաքացիներին ստանալ պատվաստման նոր դեղաչափ, եթե նախորդից անցել է 6 ամիս:

Ադրբեջանում նույնպես կորոնաիրավիճակը շարունակում է վատթարանալ: Բաքուն դեռևս չի չեղարկել 2020 թվականի ապրիլին հարևան երկրների հետ ցամաքային սահմանների փակման մասին որոշումը: Ավելին՝ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իշխանությունները որոշել են փակել նաև Նախիջևան-Թուրքիա սահմանային անցակետը, որը վերջին երկու տարում արտաքին աշխարհի հետ Նախիջևանը կապող միակ բաց ցամաքային ճանապարհն էր:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է, որ այս պահին աշխարհում COVID-19-ով պայմանավորված համաճարակային իրավիճակը մնում է հարաբերականորեն կայուն, իսկ անցանկալի իրավիճակներից խուսափելու համար՝ անհրաժեշտ է պատվաստվել:

Մանրամասն տեսանյութում

Ամենաընթերցվածները

Exit mobile version