Azatutyun.am-ը գրում է․ Ադրբեջանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում ինքնահրկիզման փորձ իրականացրած երկրորդ վետերանը մահացել է։ 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորված 35-ամյա Էմիլ Ջաֆարովն ինքնահրկիզման էր դիմել երկուշաբթի օրը Սաբիրաբադի շրջանային վարչակազմի շենքի առջև։
Պաշտոնաթող զինվորականի հարազատների պնդմամբ` նա ծայրահեղ այդ քայլին է դիմել պետական կառույցների անտարբերությունից դրդված․ ինքնահրկիզվելուց առաջ լրագրողի հետ զրույցում Ջաֆարովն ինքն էլ էր հայտարարել, որ պատերազմից հետո իրեն որևէ օգնություն չեն ցուցաբերել:
«Երդվում եմ Աստծո անունով, ես ինձ կհրկիզեմ և կսպանեմ ինձ», — ասել էր նախկին զինծառայողը՝ հավելելով, որ այլևս թույլ չի տա իրեն նվաստացնել։ Ջաֆարովը դժգոհում էր իշխանությունների անտարբերությունից, արհամարհական վերաբերմունքից։ Պատերազմի ընթացքում բազմաթիվ շքանշանների արժանանալուց հետո էլ, ինչպես պնդում էր, իրեն օգնել չեն ցանկացել։
Ադրբեջանի սոցապ նախարարությունը վետերանի և նրա ընտանիքի հայտարարությունները հերքել է՝ հավաստիացնելով, որ Ջաֆարովին ամենամսյա նախագահական թոշակ էր տրամադրվում, տեղական իշխանությունները նրան, ինչպես նաև նրա հարազատներից ոմանց ապահովել են աշխատանքով։
«Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ անցած շաբաթ Շամքիրի շրջանի գործադիր իշխանության շենքի դիմաց ինքնահրկիզվել էր տեղի բնակիչ 1996 թվականին ծնված Իլհամ Հասանովը, որը նույնպես 44-օրյա պատերազմի մասնակից է։ Վերջինիս ինքնասպանության փորձը կանխվել է, այրվածքներ ստացած Հասանովը, ըստ լրատվամիջոցի, հոսպիտալացվել է:
Աղբյուրի համաձայն, Ղարաբաղյան պատերազմի մեկ այլ մասնակից՝ Սումգայիթի բնակիչ փոխգնդապետ Շահմուրադ Մամեդովը, հուլիսի 7-ին մահացել է սրտի կաթվածից։ Սպան, ինչպես հաղորդվում է, ցանկացել էր իր կենսաթոշակային քարտից 100 մանաթ կանխիկացնել, բայց պարզվել է, որ քարտն արգելափակված է` դատարանը նրա կենսաթոշակային նպաստն ուղղել է պարտքերը մարելուն։ Մամեդովը գնացել է Սումգայիթի քաղաքային դատարան, որպեսզի իր բողոքը հայտնի, սակայն դատարանում հանկարծամահ է եղել:
Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո ադրբեջանցի վետերանները պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում` դժգոհելով պետության սոցիալական քաղաքականությունից: Նավթով հարուստ Ադրբեջանի կառավարությունը պատերազմի մասնակիցներին ամսական մոտ 50 դոլար նպաստ է վճարում։
Պատերազմի հերոսների համար նախատեսված է հատուկ նախագահական թոշակ՝ մոտ 1080 դոլարի չափով, ազգային հերոսների համար ամսական այդ նպաստը կազմում է 800-1000 դոլար, հաշմանդամություն ունեցող անձինք ստանում են ամսական 180-ից 240 դոլար օգնություն:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում