Հանրապետական սփռում ունեցող, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերությունը հուլիսի 16-ին հրապարակել է «Օգտատերերը հեգնանքով են արձագանքել Հատիսի գագաթին տեղի ունեցած բողոքի ակցիային» վերնագրով հատուկ ռեպորտաժ։
Ռեպորտաժում մեջբերվում են ֆեյսբուքյան իբրև շարքային օգտատերերի գրառումներ, որոնք ծաղրում և վիրավորական արտահայտություններ են հնչեցվում Հատիս լեռան գագաթին Հիսուսի արձանի տեղադրման «ապօրինությունների» դեմ բողոքի ակցիայի մասնակիցների մասին։
ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, պարզել է, որ ռեպորտաժում մեջբերված որպես իրական, անկախ օգտատերեր ներկայացվող ֆեյսբուքյան էջերը կեղծ են և փոխկապակցված են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ։
Ֆեյքերը գրում են, «Կենտրոն»-ը՝ տարածում
Ռեպորտաժում ցուցարարներին ծաղրող օգտահաշիվներիվերջինբոլոր հրապարակումները վերաբերում են բացառապես Հիսուսի արձանի տեղադրմանը կամ դրա դեմ բողոքող ցուցարարներին։
Ուսումնասիրելով օգտահաշիվների ամբողջ ակտիվությունը, պարզ է դառնում նրանց ամբողջ գործունեությունն է նվիրված «Բարգավաճ Հայաստանին» և Գագիկ Ծառուկյանին։ Այսպես, 2020-ին նրանք գրառումներ են արել Գագիկ Ծառուկյանի կալանավորման, իսկ 2021-ին Ազգային Ժողովի և ՏԻՄ ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը սատարելու վերաբերյալ։
Օգտահաշիվների կեղծ լինելը ապացուցվում է նաև օտարազգի այլ անձանցից «գողացված» լուսանկարներով։ Օրինակ՝ ռեպորտաժում մեջբերված Gurgen Sargsyan օգտատիրոջ լուսանկարում պատկերված անձը իրականում ռուսաստանբնակ Тенгиз Цулая-ն է։ Սա պարզում ենք՝ կեղծ օգտահաշվի լուսանկարը որոնողական համակարգում փնտրելով։