Քաղաքականություն

ԱԽՔ-ի այս հարցազրույցը բացահայտ հակապետական է և ուղղված է Հայաստանի ու Արցախի շահերի դեմ

Արման Թաթոյանը ֆեյսբուքում գրել է

Պարզվում է` ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը (ԱԽՔ) մի քանի օր առաջ հայտարարել է, թե Արցախում կան Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումներ: Եվ նորից ասել է, որ Արցախում ՀՀ ժամկետային զինծառայողներ չեն լինելու:

Ի՞նչ իրավունքով է այս պաշտոնյան մտնում նման կարևորության, բայց իրեն չվերաբերող հարցերի մեջ, իր ո՞ր իրավասությամբ ու ո՞ր օրենքով է խոսում այս հարցերի մասին:

ԱԽՔ-ի այս հարցազրույցը բացահայտ հակապետական է և ուղղված է Հայաստանի ու Արցախի շահերի դեմ: Այս պաշտոնյան հերթական վտանգն է ստեղծում մեզ համար և նվեր է մատուցում ադրբեջանական իշխանություններին: Ակնհայտ է, որ ԱԽՔ-ի այս հակապետական հայտարարությունն ընկալվելու է` որպես ՀՀ-ի պաշտոնական դիրքորոշում ու վստահ եմ` ինքն էլ դա գիտի:

Նախ, այս անպատասխանատու հայտարարությունից ստացվում է` Հայաստանն Արցախում մինչ օրս ունի զինված միավորներ (գնդեր, վաշտեր և այլն):

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակով զինծառայողների իրավունքներին վերաբերող աշխատանքս էր հստակ ցույց տվել, որ Արցախում չկան ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներ:

Միայն Ադրբեջանն է այս կեղծ գաղափարն առաջ տանում, դրանով փորձում է ապահովել թե´ Հայաստանի, թե´ Արցախի նկատմամբ ագրեսիայի արհեստական հիմքեր ու սպառնում ուժ կիրառել, իսկ ԱԽՔ-ը ստեղծում է այդ հիմքերը:

ՀՀ ԱԽՔ-ի այս հայտարարությունը բացահայտ կեղծիք է:

Կամ Արցախում Հայաստանից ժամկետային զինծառայողներ լինելու կամ չլինելու հետ կապված` ի՞նչ գործ ունի այս հարցից: Սա ի՞նչ հայտարարելու բան է առհասարակ: Առանց այն էլ որքան շահարկեց դա ու ծառայեցրեց Ադրբեջանի շահերին:

Այսինքն` ծանոթ վիճակ է. նախ, իրենց հակապետական հայտարարություններով տարբեր մակարդակի պաշտոնյաներով օրինականացրեցին ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր ներկայությունը ՀՀ սահմանային գյուղերի ու քաղաքների հարևանությամբ, ճանապարհներին, վտագի տակ դրեցին մեր խաղաղ բնակչության ու զինծառայողների կյանքը, հիմա էլ վտանգներ են ստեղծում ողջ երկրի ու ժողովրդի համար:

Ու, ցավոք, սա դարձել է կանոն` նման հայտարարություններ անում են իրենց պաշտոնների ու խոսքերի նկատմամբ անպատասխանատու, ձևախեղված պատկերացումներ ունեցող, կոնկրետ հարցի հետ կապ չունեցող պաշտոնյաներ:

Ամենաընթերցվածները

Exit mobile version