Քաղաքականություն

Ավետիք Չալաբյանը ազատ արձակվեց

Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանն ազատության մեջ է։ Ավետիք Չալաբյանի գործով դատավոր Արուսյակ Ալեքսանյանի որոշմամբ երկարաձգված կալանքի տասնհինգօրյա  ժամկետը լրացավ ժամը  21։00-ին, որից  հետո Չալաբյանը դուրս եկավ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից։ Նրան ՔԿՀ դիմաց ծափահարություններով դիմավորեցին ընկերները, հարազատները։

Չալաբյանը լրագրողներից ներողություն խնդրեց՝ վատառողջ է երկար, չի կարող խոսել։

«Նախ ուզում եմ շնորհակալութուն հայտնել բոլոր ներկաներին, իմ ընտանիքին, որ այս ծանր փորձության միջով հետս անցավ, իմիջայլոց, փորձությունը չի ավարտվել, սա  ընդամենը միջանկյալ փուլ է, իմ փաստաբանական թիմին,  որը հրաշալի աշխատեց, լրատվական համայնքին, որը մեծ հետաքրքրություն ցուցաբերեց այս գործի նկատմամբ, և, կարծում եմ, իր ուշադրությամբ, լուսաբանմամբ, իսկապես հսկայական օժանդակություն ցուցաբերեց։ Շնորհակալություն եմ հայտնում իմ համախոհներին։

Ըստ էության, մենք բոլորս միասին գտնվում ենք մի պայքարի մեջ մեր հայրենիքի, մեր իղձերի իրականացման համար, պարզապես այնպես ստացվեց, որ այս անգամ տուժողը ես էի, որոշ ժամանակով ստիպված եղա իմ ազատությամբ վճարել։ Կարծում եմ՝ այս ամեն ինչն ընդամենը փոքր դրվագ է շատ ավելի մեծ պայքարի համայնապատկերի մեջ, այն պայքարի, որի համար մարդիկ կյանք են տվել, մարդիկ ազատություն, առողջություն են կորցրել»,-ասաց նա։

Ա.Չալաբյանը խոստացավ պատեհ ժամանակ, երբ դատական պրոցեսների պիկից դուրս գան,  հանդես կգա ասուլիսով։ Միաժամանակ հիշեցրեց, որ երկու օրից դատավարություն է, որը  կարող է նորից բերել ազատազրկման։

Ա.Չալաբյանը կալանավորված է մայիսի 14-ին։ Հուլիսի 11-ին կալանքի ժամկետը երկարացրել էր ևս 15 օրով։

«Դատալեքս»-ում հրապարակված մեղադրական եզրակացությունն այպիսին է. «Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի մայիսի 4-ին Երևան քաղաքի Աբովյան 12 հասցեում գտնվող՝ «Դալան» ռեստորանում, այնուհետև մայիսի 08-ին՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի սենյակում նշված համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին և նրա միջոցով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի անդամներին ու համալսարանի ուսանողներին ՀՀ-ում «Դիմադրություն» և «Համախմբում» շարժումների հավաքներին՝ անհնազանդություններ, բողոքի ակցիաներին, ցույցերին, փողոցներ փակելու գործողություններին մասնակցելու նպատակով դիտավորությամբ նյութապես շահագրգռել է՝ առաջարկելով 2.000.000 ՀՀ դրամ գումար»:

Ամենաընթերցվածները

Exit mobile version