Ռուբեն Բանուչյանը Ֆեյսբուքում գրում է.
2008 թ. այս օրը հիմնադրվեց անկախ Հայաստանի պատմության մեջ նախադեպը չունեցող ընդգրկունությամբ քաղաքական միավորում, որը բացառիկ էր մի շարք առումներով։ Խոսքը «Հայ ազգային կոնգրես»-ի մասին է։ ՀԱԿ-ը ամենաերկարատև ու պերմանենտ փողոցային պայքար մղած քաղաքական միավորումն է։ Սկսած 2008 թվականից՝ ամենամսյա, երբեմն էլ՝ ամենօրյա ռեժիմով այն անհաշտ ու անզիջում պայքար է մղել օրվա բռնապետական իշխանությունների դեմ։
Իր քաղաքական պայքարի ընթացքում ՀԱԿ-ը հանդիպել է դաժան փորձությունների, ունեցել է թվով շուրջ 120 քաղբանտարկյալ (քաղհալածյալների թիվը դժվար է հաշվել), որոնցից 60-ի գործը դեռ քննվում է ՄԻԵԴ-ում, ոմանց դեպքում էլ արդեն իսկ առկա են արդարացման վճիռներ։ Դժվար էր պատկերացնել իհարկե, որ 2008 թ. մարտիմեկյան սպանդից հետո հնարավոր էր մեջքը ուղղել և համաժողովրդական շարժմանը նոր թափ հաղորդել, բայց ՀԱԿ-ին հաջողվեց անել այդ։
Իր գործունեության ողջ ընթացքում չնայած կոշտ դիմադրությանը, ՀԱԿ-ը նաև պատվով ու համարձակորեն առաջ էր տանում խաղաղության գաղափարը, մերժելով քաղաքական արկածախնդրությունն ու ամբոխահաճո գործելաոճը։ Առանց ավելորդ սեթևեթանքների ասում եմ, որ` այո՛, ՀԱԿ-ը պետական մտածողութամբ օժտված ինտելեկտուալ գործիչների միավորում է, և հենց այդ գործիչների շնորհիվ շատ–շատերը անցել են փողոցային յուրատեսակ քաղաքական դպրոցի միջով, ձեռք բերել հսկայական քաղաքական փորձ ու գիտելիքներ։
ՀԱԿ-ն ունի՞ բացթողումներ, այո, անշուշտ, բայց ամենակարևոր հարցերում ՀԱԿ-ը, ցավոք սրտի, չսխալվեց։
Հայոց Համազգային Շարժման իրավահաջորդ Հայ Ազգային Կոնգրեսը` որպես քաղաքական միավորում արդեն իսկ ունի իր տեղը հայոց պատմության մեջ, իբրև իր ժողովրդի համար անկախություն ու ազատություն նվաճած և պետականություն հաստատած ուժ։
Շնորհավորում եմ բոլոր կոնգրեսականներին, համեստ ու անտրտունջ, զուսպ և ինքնավստահ, պետականության ջահը միշտ վառ պահող, ճշմարտության երեսին ուղիղ նայող գաղափարակից բոլոր ընկերներիս։