Քաղաքականություն

Լևոն Տեր-Պետրոսյանի համաձայնությունը ստանալով՝ գնացինք նրա մոտ․ նա մեզ հրավիրեց կաբինետի ետևի հանգստի սենյակը. Երջանիկ Աբգարյան

Երջանիկ Աբգարյանի գրառումը

Հիշողության պատառիկ-դ) Լեւոն Տեր-Պետրոսյանի համաձայնությունը ստանալով՝ գնացինք նրա մոտ: Կարճառոտ ծանոթանալով հարցին, նա մեզ հրավիրեց կաբինետի ետեւի հանգստի սենյակը, որտեղ Արցախի քարտեզն էր կախված: Ես քարտեզի վրա բացատրեցի, թե ինչի մասին է խոսքը, հավելելով, որ Վանք գյուղի եւ Խաչենի կամուրջի գրավումով ադրբեջանցիների առջեւ բացվում է Ստեփանակերտ տանող ճանապարհը, որի վրա պաշտպանական որեւէ բնագիծ չկա մինչեւ Խոջալուի մոտերքը: Ես այդ հարցը չծանրացրեցի այլեւայլ բաղադրիչներով, որպեսզի նրա ուշադրությունը չշեղեմ Վաղուհաս-Վանք ըստ էության անպաշտպան ուղղությունից: Բայց իրականությունն այն էր, որ Չլդրանի գրավումից հետո ադրբեջանցիներն այնտեղ կուտակում էին զգալի ուժեր հարձակվելու համար Առաջաձորի ուղղությամբ դեպի Խաչենի կամուրջը: Բայցեւ արդեն հայտնի էր, որ այդ հարձակումները հաջողությամբ ետ էին մղվում մեր ուժերի կողմից: Բացի այդ ադրբեջանցիների կողմից որեւէ ուղղությամբ Խաչենի կամուրջին մոտենալը ո՛չ միայն անիմաստ էր դարձնում Կիչանի դաժան կռիվները, այլեւ վտանգ էր հասունացնում Կիչանի շրջապատման համար: Վերջում ես նախագահից խնդրեցի, որպեսզի, որ առաջնագծերից էլ լինի, մի հազար հոգի հավաքել եւ անհապաղ ուղարկել Վանք-Վաղուհաս ճանապարհը փակելու համար: Չերկարացնեմ, ես չիմացա, թե նախագահն ինչ որոշում կայացրեց, բայց փաստն այն է, որ հաջորդ օրը երեկոյան Վազգեն Սարգսյանը հեռուստաելույթ ունեցավ եւ հայտարարեց կամավոր մահապարտների հավաքագրման մասին: Այդ <մահապարտ> բառն առ այսօր ինձ դուր չի գալիս: Դա ինձ հիշեցնում է Վարդան Այգեկցու մի առակի իմաստուն խրատը: Եւ անժխտելի փաստ է, որ նրանց մեծամասնությունը զոհվեց Վանք-Վաղուհաս եւ Չլդրան-Առաջաձոր ուղեգծերը պաշտպանելիս: Ցավով պիտի նշեմ նաեւ, որ դրանում մեղքի բաժին ունեցան նաեւ մահապարտների ապաշնորհ երկու հրամանատարները: Վերջում նշեմ, որ վերոհիշյալ գործողությունների շնորհիվ էր նաեւ, որ հայկական հրամանատարությունը հետագայում շունչ քաշելու ժամանակ ունեցավ վերակակազմավորումն ավարտելու եւ պատերազմը դեպի հաղթանակ ուղղորդելու համար: Վերջ

Ամենաընթերցվածները

Exit mobile version