«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Ռուսաստանի կողմից հայերի նկատմամբ տարվող իբրեւ թե անարդար քաղաքականությունը դեռեւս ուլտրաընդդիմադիր պատգամավորի դիրքերից հանդես եկող Նիկոլ Փաշինյանի խոսույթի հիմնական մեխերից մեկն էր: Ընդդիմադիր Փաշինյանը, օրինակ, 2017-ին այն համոզումն ուներ, որ ՌԴ-ի կողմից ՀՀ-ին մատակարարվող գազի գինն անընդհատ բարձրանալու է:
«Գազի գնի բարձրացումը ՀՀ-ին ինքնիշխանությունից զրկելու կամ մեր երկրի ինքնիշխանությունը կաշկանդելու մշտական գործիք է լինելու ՌԴ-ի ձեռքին: Գազի էժան գնի ասեղի վրա ՀՀ-ին նստեցնելն ու վախեցնելը հիբրիդային պատերազմով օկուպացնելու պարզ օրինակ է: 15-20 տարի մեր աչքն են կոխում, թե բա՝ էժան գազը, էժան գազը: Հասկացա՛նք»,- բարձրաձայնում էր ընդդիմադիր պատգամավորը: Ընդամենը մեկ տարի անց, սակայն, նրա՝ ՌԴ-ի ու ՀՀ-ի հարաբերությունների, ինչպես նաեւ պաշտոնական Մոսկվայի՝ «ՀՀ-ին գազի էժան գնի ասեղի դնելու մասին» պատկերացումները շեշտակի փոխվեցին, ավելին՝ վարչապետ Փաշինյանն անձամբ սկսեց գլուխ գովել, թե Ռուսաստանը պաշտոնական Երեւանին բավականին էժան գնով է գազ վաճառում: Այսպես, 2018-ի սեպտեմբերի 9-ին, հայտարարում էր, թե Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ է հրահանգել, որ գազը Հայաստանին էժան մատակարարվի:
«Դա ինչի՞ համար է արել. որպեսզի Հայաստանի քաղաքացիների համար գազն ավելի մատչելի լինի: Պուտինն ինձ հետ զրույցում նույնիսկ հիշեց, որ նման հրահանգ է տվել Գյումրի կատարած այցից հետո: Շփվելով մարդկանց հետ՝ նա զգացել է, որ գյումրեցիների, ՀՀ քաղաքացիների վիճակն այդքան էլ լավ չէ, ու որոշել է նման քայլով նպաստել մարդկանց սոցիալական վիճակի բարելավմանը»,- իրեն հատուկ գոհունակ ժպիտով հայտարարում էր Փաշինյանը: Ստացվում է՝ գազի գնի մասին իրարամերժ հայտարարություններով Փաշինյանը հերթական անգամ ստել է:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 10․ 08.22թ համարում։