Քաղաքականություն

«Ում հետ որ անհրաժեշտ է, իհարկե, կհանդիպենք»․ «Հայաստան» դաշինքի մի խումբ պատգամավորներ այցելել են Արցախ

Այսօր «Հայաստան» դաշինքի մի խումբ պատգամավորներ այցելել են Արցախ՝ տեղում ծանոթանալու այնտեղ տիրող իրավիճակին։

Hraparak.am-ը զրուցել է պատգամավոր Աղվան Վարդանյանի հետ։

– Պարոն Վարդանյան, ինչո՞ւ եք մեկնել, ի՞նչ նպատակով, ինչպիսին է իրավիճակը Արցախում:

– Ոչ առաջին և ոչ էլ վերջին անգամն է, պարբերաբար այցելում ենք Արցախ։ Երկու խումբ է պատգամավորների այս պահին գտնվում Արցախում։ Ճանապարհին մտանք նաև Աղավնո, հանդիպեցինք Աղավնոյի համայնքապետ՝ Անդրանիկ Չավուշյանին, զրուցեցինք, ծանոթացանք իրավիճակին։ Այս պահին Ստեփանակերտում ենք, նոր ենք հասել։

– Որևէ խոչընդոտ չկա՞ր, հանգիստ անցե՞լ եք անցակետերը՝ հաշվի առնելով, որ որոշ ընդդիմադիրներին ու լրագրողներին չէին թողնում մտնել Արցախ։

– Այո, իհարկե, ինչո՞ւ չպիտի չկարողանայինք։ Ճանապարհը ասեմ, որ եթե նախկինում 5-6 տեղ էին ստուգում փաստաթղթերը, այս անգամ՝ ընդամենը երկու կետում էր։ Առաջին անցակետում՝ Աղավնոն էր, և մեկ էլ արդեն՝ Շուշիից հետո։

– Մյուս անցակետերը կա՞ն, թե՞ հանել են ռուս խաղաղապահները։

– Չէ, կան, բաց են, պարզապես չեն ստուգում փաստաթղթերը։

– Իսկ դա ինչո՞վ էր պայմանավորված։

– Չեմ կարող ասել։

– Բերձորում եղե՞լ եք։

– Դեռ նոր ենք հասել, անպայման այցելելու ենք։ Կխնդրեմ առաջարկեք, որ իշխանության պատգամավորներն էլ այցելեն Արցախ։

– Ի՞նչ ծրագրով եք մեկնել Արցախ։

– Հիմա կպլանավորենք այսօրվա և վաղվա կեսօրի հանդիպումները, ինչ-որ անհրաժեշտ կգտնենք, ում հետ որ անհրաժեշտ է, իհարկե, կհանդիպենք։

Ամենաընթերցվածները

Exit mobile version