Քաղաքականություն

Նիկոլի արտաքին տերերին՝ հատկապես թուրքերին պետք է, որ ՀՀ-ում շրջանառության մեջ լինեն կեղծ օրակարգերը․ Արտակ Զաքարյան

Նիկոլի արտաքին տերերին (հատկապես թուրքերին) պետք է, որպեսզի Հայաստանում շարունակվեն շրջանառության մեջ լինել կեղծ օրակարգերը: Դրանցից են «խաղաղության օրակարգը», «կոռուպցիայի դեմ պայքարի օրակարգը», «ասֆալտի օրակարգը», «30 տարի թալանի օրակարգը», «ամեն ինչում նախկիններն են մեղավոր օրակարգը» և այլն: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրառում է արել Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

«Վերջին օրերին այս կեղծ օրակարգերին ավելացվել է նաև «ո՞վ է Նիկոլին իշխանության բերել օրակարգը»: Այդ «թեզը» ոչ միայն շեղում և պառակտում է ընդդիմությանը, այլ նաև «մեղմացնում» է Նիկոլի պատասխանատվության աստիճանը:

Պարզվում է՝ այս թեման դուր է եկել նաև որոշ «ընդդումադիր» շրջանակների: Եթե 2018-20թթ. Հանրապետականներից որևէ մեկը հումորով ասեր, որ ՀՀԿ-ն է Նիկոլին բերել իշխանության, ապա սոցցանցերում այդ մարդուն կհոշոտեին: Կասեին «Ո՞նց կարող են մերժվածները Նիկոլին իշխանության բերել: Հլա ու փորձեին չքվեարկել, ժողովուրդը կհոշոտեր ՀՀԿ-ին, և այլն»: Այնուհետ կհիշեին, որ միայն ՀՀԿ-ն էր դեմ խոսել ու խոսում Նիկոլին, բոլորը կասեին, որ 2018թ. արտահերթ ընտրություններում միայն ՀՀԿ-ն էր կոշտ քննադատում սրանց: Մի խոսքով՝ ոչ ոք չէր հավատա այդ ցնդաբանությանը և ճիշտ կաներ:

Այսօր, երբ դավաճանությունը երկիրը հասցրել է կործանման ու շարունակում է քայքայել, Նիկոլի երբեմնի թաքնված կամ բացահայտ կողմնակիցները սկսեցին ցնդաբանական երևակայությամբ իրենք իրենց համոզել, իբր այս ողբերգական խզբզանքը ՀՀԿ-ն է «բերել» իշխանության:

Հարգելինե՛րս, առանց այդ էլ հանրային կեղծ օրակարգերի պակաս չի զգացվում մեր երկրում: Իզուր մի երկնեք նորերը: Լավ կլինի համախմբված կերպով կենտրոնանաք հանրության մի մասի համար երբեմնի պաշտելի, իսկ հետո դավաճան կապիտուլյանտի վերածված ռեժիմին հեռացնելու վրա: Դրանից հետո` ավելի հեշտ ու փաստարկված կպարզեք, թե ո՞վ բերեց, ինչու՞ բերեց և ինչպե՞ս բերեց այս աղետը մեր երկրի վրա: Դա պետք է պարզվի անկասկած: Ավելի ճիշտ` Նիկոլն ինքը կպատմի ամեն բան, վստահ եղեք:

Իսկ հիմա այդ հարցի «քննարկումը» նիկոլիզմի ջրաղացին լցվող ևս մեկ ջրագիծ է: Հիշե՛ք նաև, որ Հայաստանը քայքայելու գործում, թուրքերին խանգարող միակ ուժը հայկական ընդդիմությունն է (դա պաշտոնական Բաքվի ու Անկարայի խոստովանությունն է): Հետևաբար, ընդդիմությանը ներսից քայքայող (պառակտող) ցանկացած մեկը, ակամայից օգնում թուրքերին` Հայաստանը վերջնականապես կործանելու համար», – գրել է նա:

Ամենաընթերցվածները

Exit mobile version