Քաղաքականություն

Սառցասարի ուղղությամբ ադրբեջանցիներն առաջխաղացում են ունեցել․ Մետաքսե Հակոբյան

Փաստինֆոն գրում է ․

Սառցասարի հատվածում, նախքան օգոստոսի առաջին օրերին տեղի ունեցած ադրբեջանական հերթական ագրեսիան, Արցախի ՊԲ դիրքերի և թշնամու դիրքերի միջև բավականին հեռավորություն կար։ Հիմա, փաստորեն, դեմ առ դեմ դիրքեր ունենք։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանը։

«Այդտեղ մեր ու թշնամու դիրքերի դասավորվածությունն այնպիսին էր, որ որոշակի հատված ոչ մեր կողմից էր վերահսկվում, ոչ էլ թշնամին դիրքեր ուներ։ Հենց այդ տարածքի հաշվին է թշնամին առաջխաղացում ունեցել, բայց մեր ՊԲ զինվորներն իրենց բարձրության վրա են եղել ու մեր վերահսկողության տակ գտնվող տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվել։ Ստացվում է, որ հիմա արդեն մեր ՊԲ-ն ու Ադրբեջանի զինված ուժերը դեմ առ դեմ են կանգնած»,-ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ այդ ինֆորմացիան սեփական ճշտումների՝ այդ թվում ականատեսների հետ զրույցի արդյունքում է ձեռք բերել։

Արցախի ԱԺ պատգամավորի խոսքով՝ շփման գծի հատվածում սրացումն Ադրբեջանի՝ հերթական իրավական հիմքից զուրկ պահանջը չկատարելու՝ ՊԲ ստորաբաժանումները հետ չքաշելու հետևանքով է եղել։ Հակոբյանը շեշտում է՝ Ադրբեջանն Արցախի հետ կապված ցանկացած հարց քննարկում, ապա պահանջ է առաջադրում ՀՀ իշխանություններին, վերջիններս էլ, ցավոք, չեն կարողանում կառչել տխրահռչակ նոյեմբերի 9-ի այն ամրագրումներից, որոնք քիչ թե շատ կարող են ի օգուտ մեզ ծառայել։

Հակոբյանը, մասնավորապես, նկատի ունի պաշտպանության բանակի գոյության անառարկելի լինելը, որը փաստացի ապահովում է Արցախում ապրող ժողովրդի անվտանգությունը և որևէ կերպ չի հակասում այդ փաստաթղթի որևէ դրույթի։

Ամենաընթերցվածները

Exit mobile version