«Սուրմալու» առեւտրի կենտրոնում նախօրեին տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կան հարցաքննված անձինք: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադեւոսյանը։
«Ես տեղյակ եմ, որ մարդիկ հարցաքննվել են, բայց հստակ չեմ կարող ասել, թե ովքեր են հարցաքննվել։ Այս պահին նախաքննությունը շարունակվում է»,- ասաց Թադեւոսյանը։
Նշենք, որ պայթյունի հետեւանքով «Սուրմալու» առեւտրի կենտրոնից մարմնական վնասվածքներով «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիր, «Աստղիկ», «Էրեբունի», «Արմենիա», «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Իզմիրլյան» եւ «Նաիրի» ԲԿ–ներ են տեղափոխվել ավելի քան 50 քաղաքացի։ Ստացիոնար բուժում ստանում է 13 քաղաքացի։ Մահացածների թիվն այս պահի դրությամբ 6-ն է։
Պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք) եւ 358-րդ հոդվածի 2-րդ մասի (Դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք) հատկանիշներով։