Հասարակություն

22-ամյա տղան մտել է նկուղ, զանգել է եղբորը, ասել է՝ փախի. «Սուրմալու»-ում անհայտ կորածի հարազատը մանրամասներ է պատմում

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անհայտ կորած համարվող Վաչագան Եղոյանը 22 տարեկան է, որը աշխատում է առևտրի կենտրոնում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Եղոյանի ազգականը։

Նա պատմեց, որ Վաչագան Եղոյանը, իրենց տեղեկություններով, իջել է նկուղ, ու շենքը փլուզվել է: «Նա հասցրել է զանգել եղբորը, որը մի քանի տաղավար այն կողմ էր աշխատում: Եղբորը ասել է՝ փախի, ես նկուղում եմ: Եղբայրը մեր հետ է, բայց ինքը չկա»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Պայթյունի հետևանքով կա 7 զոհ, վիրավորների թիվն անցնում է 6 տասնյակից։

Ուժեղ պայթյունի դեպքի առթիվ նախաձեռվնել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) և 358-րդ հոդվածի 2-րդ մասի (Դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) հատկանիշներով։

Պայթյունի հետեւանքով կա 7 զոհ, որոնց անունները հայտնի են՝ Միսակ Մարգարյան, Անահիտ Մխիթարյան, Ջեմմա Նազարյան, Անահիտ Խալաթյան, Վարդան Քոչարյան, Գայանե Ավետիսյան։

 Վերջին տեղեկություններով՝ պայթյունի հետեւանքով որոնվում է 15 քաղաքացի։ Առողջապահության նախարարությունն այսօր հայտնել է, որ պայթյունի հետեւանքով բժշկական տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է ստանալ 21 տուժած, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Այսօր վաղ առավոտյան դեպքի վայր է ժամանել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրան դիմավորել է Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Նշենք, որ առեւտրի կենտրոնի պայթյունի վերաբերյալ Արցախի ժողովրդի անունից ցավակցություն է հայտնել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

Ավելի վաղ NEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնել է, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնի հարակից տարածքում գտնվող առեւտրի կենտրոնները փակ են, այդ թվում՝ «Փեթակը»։

Լրագրողների հետ զրույցում ԱԻ փոխնախարար Դավիթ Համբարյանը հայտնել է, որ պայթյունի հետեւանքով առաջացած հրդեհն ամբողջությամբ վերահսկվում է։ Նա նաեւ նշել է, որ գործ ունեն գերհրավտանգ նյութերի հետ, որոնք ամբարված են եղել պահեստներում. «Ըստ էության հրդեհը տեղի է ունեցել պահեստային հատվածներում»։

Ամենաընթերցվածները

Exit mobile version