Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ Երևանի քաղաքապետարանի կողմից մշակված օրենսդրական փաթեթը, որով համայնքը կարող է անձանց կողմից ոչ սահմանված վայրում առևտուր իրականացնելու կամ ծառայություն մատուցելու դեպքում առգրավել և հետագայում դատական կարգով բռնագրավել այն առարկաները (ապրանքը), որոնք վաճառվում են կամ օգտագործվում ծառայություն մատուցելիս։
Նշված լիազորության իրականացումը ուղղված է լինելու ոչ սանիտարական պայմաններում վաճառվող սննդամթերքի առողջապահական վտանգների բացառմանը։ Հստակ ու ապացուցված փաստ է, թե ինչպիսի վտանգներ է պարունակում փողոցային առևտուրը՝ հակահիգենիկ միջավայր, թունավորման վտանգ և այլն։
Այս փոփոխությամբ կլուծվի նաև ՀՀ համայնքների, մասնավորապես` Երևան քաղաքի արտաքին տեսքի խաթարման հարցը, որը նաև փողոցային առևտրի արդյունք է։ Օրենսդրական փաթեթը քննարկվելու է Ազգային ժողովի առաջիկա նստաշրջանում։