Հասարակություն

Կրակոցներ՝ Էջմիածնում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 18-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են տեղի ունեցել Արմավիրի մարզում:  Այս մասին հայտնում  է shamshyan.com-ը:

Ժամը 21:40-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Գնունյանց փողոցում ավտոմեքենաներ են բախվել:

Նշված վայրից  2 հոգու հրազենային վնասվածքներով Վաղարշապատի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են մի քանի ավտոմեքենաներ, այդ թվում՝ «յաշիկ», որի վրա առկա են կրակոցի բազմաթիվ հետքեր: 

Այս պահին դեպքի վայրում աշխատում են քննիչներն ու փորձաքրեագետները ու մինչ նրանք դեպքի վայրում  զննություն էին կատարում,  Վաղարշապատի ոստիկանները ՝ բաժնի պետի և օպերգծով տեղակալի գլխավորությամբ, օպերատիվ տեղեկություններ են ստացել,  որ «յաշիկի» վրա կրակոցներ են արձակել Էջմիածին  քաղաքի Աբովյան փողոցում ու «յաշիկի» վարորդը վիրավոր վիճակում մեքենան վարել է դեպի հիվանդանոցի ուղղությամբ, որտեղ էլ տեղի է ունեցել վթարը:

Հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է: Փաստի առթիվ քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքները: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի վայրում «յաշիկի» մոտ հայտնաբերվել է նաև «Մակարով» տեսակի ատրճանակ, իսկ ավտոմեքենայի մեջ՝ արնանման հետքեր:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են նաև մահացածի, վիրավորի և վթարված ավտոմեքենաների վարորդների ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝  սպանվածի հայրը  ոստիկանության նախկին աշխատակից է եղել:

Ամենաընթերցվածները

Exit mobile version