Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքում գրել է․
Մի ,,իրավապաշտպան,, հարցեր է ուղղել Թաթուլ Հակոբյանին , որպեսզի նրան վերագրի նաեւ ,,լեւոնականություն,,։ Եւ բերում է երկու ,,փաստ,,։ Իբր 1991թ․ ԳԽ փակ նիստում Լեւոն Տեր-Պետրոսյանը պատգամավորներին առաջարկել է ,,Արցախը թողնել Ադրբեջանի կազմում,,։ Պոզով-պոչով սուտ է՝ վկայում եմ որպես նիստի մասնակից։ Տեր-Պետրոսյանը առաջարկել է ԼՂ-ում անցկացնել մարզային խորհրդի ընտրություններ եւ վերականգնել սահմանադրական իշխանությունը, որ ղարաբաղցի ,,հզոր հայրենասերների,, առաջարկությամբ Մոսկվան լուծարել էր՝ մարզխորհրդի գործկոմի փոխարեն ստեղծելով Հատուկ կառավարման կոմիտե: Երկրորդ ,,փաստը,, բազմիցս չարչրկված՝ ,,Կոմսոմոլսկայա պարվդա,,-ին 1992թ․ մարտին Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցն է, բայց որքան տգետ եւ կանխակալ պիտի լինի մեկը, որպեսզի դիվանագիտական խոսքը եւ իրականությունը չտարբերակի։ Իսկ իրականություն է, որ հատկապես այդ շրջանում է Ստեփանակերտը մաքրվել ադրբեջանական շրջափակումից։ Հետագա իրադարձությունների մասին հիշատակելու կարիք չկա։ Պարզապես հիշեցնեմ հայտնի խոսքը․ ,,Լեզուն դիվանագետին տրված է, որպեսզի թաքցնի մտքերը,,։ Ադրբեջանի նախագահներ՝ հայր եւ որդի Ալիեւներն էլ մոտ երկու տասնամյակ ասում էին, որ պատրաստ են ԼՂ-ին ինքնավարության ամենաբարձր կարգավիճակ շնորհել։ Բայց նախապատրաստվում էին պատերազմի, ԼՂ օկուպացիայի եւ հայ բնակչության դեպորտացիայի։ Տեր-Պետրոսյանը, ի տարբերություն հաջորդների, դիվանագիտության լեզուն գերազանց գիտեր եւ փայլուն գործածում էր։