Քաղաքականություն

Հայկ Մարությանի ներկայացման մոտ 10,000 տոմս է վաճառվել 2 օրում (Տեսանյութ)

Երեկ Հայկ Մարությանը հրապարակեց երկար սպասված ներկայացման անոնսը, որը չափազանց մեծ արձագանք գտավ սոցիալական ցանցերում։ Նախապես նշված երկու օրերի՝ սեպտեմբերի 19-ի և 20-ի տոմսերը վաճառվեցին կայծակնային արագությամբ՝ մոտ 3 ժամում։ Առանց հայտարարելու ավելացվեց ներկայացման ևս երկու օր, որոնց տոմսերը նույնպես վաճառվեցին ժամերի ընթացքում։

Հետո Հայկ Մարությանը ֆեյսբուքում գրառում կատարեց, որ նախապես պլանավորված երկու ներկայացմանն ավելացվել է ևս երկուսը, որոնց տոմսերն ամբողջությամբ սպառվել են, և համաձայնություն է ձեռք բերել ավելացնել ևս մեկ օր։ Այսպես ներկայացման բոլոր տոմսերը սպառելուն պես ավելացնելով՝ 24 ժամը դեռ չլրացած արդեն 10 ներկայացման օր կար հայտարարված, որոնց բոլոր տոմսերը սպառված էին։

Հիշեցնենք, որ Սունդուկյանի անվան թատրոնում կա 800-ից մի փոքր ավելի տեղ։ Այս պահին այդ 10 ներկայացումներին ավելացվել է ևս երկուսը, որոնց տոմսերը նույնպես գրեթե սպառված են՝ հաշված տեղեր են մնացել։

Սա ներկայացումների դեպքում աննախադեպ երևույթ է, որ մեկ օրվա ընթացքում մոտ 10 հազար հատ տոմս վաճառվի, և մարդիկ դեռ համատարած դժգոհեն, որ չեն հասցրել տոմսեր գնել։ Սա փաստում է Հայկ Մարությանի չափազանց բարձր վարկանիշ ունենալու և հասարակության կողմից պահանջված լինելու մասին, և ակնհայտ է նաև, որ երևանցիները չեն ներել և չեն պատրաստվում ներել քայլականներին՝ իրենց ընտրած և իրենց համար ընդունելի քաղաքապետին՝ առանց իրենց կարծիքը հաշվի առնելու, կուսակցական նեղ շահերի համար, անձանական վրեժխնդրությունից դրդված զավեշտալի պատճառներով պաշտոնանկ անելու համար։

Հավանաբար իշխող քայլականները պատկերացրել են Մարությանի չափազանց բարձր վարկանիշը, և դա է պատճառը, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններով Տիգրան Ավինյանին քաղաքապետ դարձնելու մտքից, ինչպես մամուլն էր գրում, ետ կանգնեցին։ Հավանաբար հասկացել են, որ Մարությանը ջախջախիչ պարտության կմատնի իրենից առնվազն տասը անգամ ցածր վարկանիշ ունեցող քայլականներին։

Ամենաընթերցվածները

Exit mobile version