Այս ծաղրի հեղինակ քննիչն իրականում թաքցնում է Սարի թաղի հանցագործներին՝ Լևոն Երանոսյան, Վովա Գասպարյան, Սերժ Սարգսյան
Ռոբերտ Անանյանը ֆեյսբուքում գրել է․
ՀՔԾ-ն կասեցրել է 2016-ին Սարի թաղում լրագրողների դեմ ահաբեկչության և մահափորձի գործով նախաքննությունը։Խոսքը շուրջ 10 լրագրողի մասին է, որ տուժող են ճանաչվել։ Գործը հիմքից կեղծած ՀՔԾ ավագ քննիչ Բեգոյանը չի կարողացել հայտնաբերել մեղադրյալ ներգրավելու ենթակա անձանց։Այս ծաղրի հեղինակ քննիչն իրականում թաքցնում է Սարի թաղի հանցագործներին՝ Լևոն Երանոսյան, Վովա Գասպարյան, Սերժ Սարգսյան։ Չգիտեմ՝ կա՞ կոռուպցիա, թե հին կապերն են գործում, բայց փաստը սա է՝ արյունալի ահաբեկչության գործով չկան մեղադրյալներ։Բեգոյանը մինչև հեղափոխությունը կեղծել է Սարի թաղի գործը, իսկ 2018-ից հետո, ըստ այս իշխանության տրամաբանության՝ պետք է ինքնաբարեփոխվեր և բացահայտեր հանցագործությունը, որն ինքն ու ՀՔԾ-ի իր կոլեգաներն են պարտակել 2016-ից սկսած։Այսինքն՝ հեղափոխական արժեքներով «սնված» քննիչը պետք է ինքն իրեն հերքի, գործը քննի հակառակ ուղղությամբ։ Հանուն ինչի՞ պետք է ինքնազոհաբերման գնա։Ու դուք զարմանում եք, որ մինչև հիմա Երևանի փողոցներում լրագրողների վրա են հարձակվում։ Իսկ ինչո՞ւ պիտի չհարձակվեն, եթե գիտեն՝ հանցագործությունը չի պատժվելու։Ցավալի փաստն այն է, որ այս իշխանությունը ունակ չեղավ վերականգնել արդարության բացը և արդարադատությունը դարձնել հրամայական։ Անգործությունը հիմնավորող դատարկ պատճառաբանություններ կարելի է բերել անվերջ, բայց իրականությունը դրանից չի փոխվում։