Հասարակություն

Ամեն ինչ իր մասին է հիշեցնում, ինքը ուրիշ տեսակ տղա էր, իմ պուճուրը. եղբայրը՝ գերության մեջ զոհված Շավարշի մասին

Սեպտեմբերի 17-ին Ադրբեջանը Հայաստանին էր հանձնել 32 հայ զինծառայողի մարմին, որոնց թվում էր 20-ամյա Շավարշ Մարգարյանի դին:

Շավարշն Արարատի մարզի Լանջառ գյուղից էր: Ժամկետային զինծառայողը մի քանի ամսից պետք է զորացրվեր: Ծառայում էր Կապանի զորամասում:

Շավարշի մարմինը դեռ ընտանիքին չի հասել, նրա ավագ եղբայրը՝ Արթուր Մարգարյանը, «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ այսօր են հանձնելու ընտանիքին տղայի դին:

«Ամենավատ երազում էլ սա հնարավոր չէր պատկերացնել: Այնքան նպատակներ ունեինք միասին, իմ պուճուրի հետ: Ամեն ինչ իր մասին է հիշեցնում, ինքը ուրիշ տեսակ տղա էր, ոչ մի բանը չի մոռացվի, երբեք»,- արցունքներն ու հուզմունքը խեղդելով՝ ասում է Արթուրը՝ իրենից 6 տարով փոքր եղբոր մասին:

Նրա խոսքով՝ Շավարշը շատ ժիր էր, փոքր հասակից արդեն մեքենա վարել գիտեր, ծառայության ժամանակ էլ է տարբեր մեքենաներ վարել:

Եղբոր մահվան մասին Արթուրը շատ բան չգիտի, միայն տեղյակ է, որ արնաքամ է եղել: «Իրեն, որ օգնեին, ոչ մի բան էլ չէր լինի: Ընկերությանը զոհ գնաց, փրկեց ընկերներին, բայց զոհվեց: Մեքենայով հաց է տարել տարբեր զորամասեր, հետո եկել է, որ գնա իր զորամաս, կապիտաններից մեկն ասել է, որ շտապօգնության մեքենա է շրջվել, պետք է գնան, օգնեն: Քաշել են, դզել, բայց շտապօգնության մեքենայի շարժիչը չի միացել: Նստել են «ԿամԱԶ»-ը, որ հետ գան, ականի վրա են հելել: Ընկերներին ոչինչ չի եղել, իսկ ինքը…»,- պատմում է Արթուր Մարգարյանը:

Շավարշը գերի է ընկել. Արթուրը չգիտի՝ եղբորը թշնամին որեւէ օգնություն ցուցաբերե՞լ է, թե՞ թողել է, որ արնաքամ լինի: Միայն գիտեն, որ երբ գերի են վերցրել, ողջ է եղել: «Մենք տեսանյութ ենք տեսել, հետո թարգմանել ենք տվել դրանց խոսքերը, Շավարշը վիրավոր էր, երբ թշնամու ձեռքն էր ընկել»,- ասում է նա:

Ամենաընթերցվածները

Exit mobile version