Քաղաքականություն

Տեր-Պետրոսյանի հարցազրույցի առթիվ․ Որ շատ հեռուն չգնանք, զուտ 2 տարվա կտրվածքով

Հարութ Ուլոյանը ֆեյսբուքում գրել է

Տեր-Պետրոսյանի հարցազրույցի առթիվ

Որ շատ հեռուն չգնանք, զուտ 2 տարվա կտրվածքով.

1. 44-օրյա պատերազմի ընթացքում Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ հանդիպում են Հայաստանի ու Արցախի նախկին ղեկավարները, ապա դիմում Փաշինյանին` ակնկալելով մանդատ` Ռուսաստանի հետ բանակցություններ վարելու համար: Այդ ողջ ընթացքում հրապարակային դաշտում ողջ իշխանական քարոզչամեքենան քարոզում է, թե ««Նախկիններով» ուզում են Նիկոլին համոզեն, որ մեր «հաղթական պատերազմը» կանգնեցնի ու «հակահայաստանյան» Լավրովյան պլանին համաձայնություն տա, դրանից հետո էլ հեղաշրջում անեն»: Հետագայում պարզվեց, որ Փաշինյանն ինքը բանակցություններ վարելու լիազորություն չի տվել Տեր-Պետրոսյանին ու Քոչարյանին. դուք ձեր նախաձեռնությամբ ինչ ուզում եք արեք: Ու մինչև իշխանական քարոզիչներից մեկը չկա, ասի` «պրն Փաշինյան, ինչո՞ւ չլիազորեցիք, ի՞նչ է, վախենում էիք, որ կարող է Ձեր «գլխից թռնեին» ու պարզվեր, որ նրանք ավելի հմուտ են, քան` Դո՞ւք»:

2. Անցած տարվա ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ Տեր-Պետրոսյանը կրկին դիմել էր նախկին ղեկավարներին, այս անգամ առաջարկելով ընդդեմ Փաշինյանի միասին հանդես գալ ընտրություններին` պայմանով, որ նրանցից ոչ ոք չի հավակնելու իշխանության ու չի առաջնորդվելու անձնական քաղաքական շահով: Ավելին, Տեր-Պետրոսյանը պնդել էր, որ Փաշինյանի իշխանության ղեկին մնալը նորանոր բախտորոշ խնդիրներ է ստեղծելու Հայաստանի համար:

Ու ի՞նչ: Այս անգամ արդեն թե´ փաշինյանական քարոզչամեքենան, թե´ քոչարյանամերձ շրջանակները լծվեցին Տեր-Պետրոսյանի առաջարկը նենգափոխելու ու խեղաթյուրելու պատվաբեր գործին: Փաշինյանականների մեկնաբանությամբ` Տեր-Պետրոսյանը երկիրը թալանողների ու Մարտի 1 իրականացնողների հետ ցանկանում էր Փաշինյանի «խաղաղության դարաշրջանը» տապալել, իսկ քոչարյանականների մեկնաբանությամբ` Տեր-Պետրոսյանը «հասկացել» էր, որ Քոչարյանը «կռող» թեկնածու է ու իր առաջարկով ընդամենը ցանկանում էր չեզոքացնել «հեռոսին»: Ու մինչև հիմա քոչարյանականներից մեկը չկա, ասի` «պրն Քոչարյան, հը՞ն, «կռեցի՞ք», բա եթե «չկռեցիք», բա չեք փոշմանո՞ւմ, որ Տեր-Պետրոսյանի առաջարկը մերժեցիք ու դրանով դուռ բացեցիք Փաշինյանի վերարտադրման համար: Թե՞ հույսեր ունեք, որ «առաջնորդի դրոշակ» պիդ բարձրացնեք»:

3. Վերջին շաբաթների ընթացքում, երբ բոլորի համար ակնհայտ է, որ Հայաստանի շուրջ օղակը կրկին սեղմվում է, երբ նույն քոչարյանամերձ շրջանակները հրապարակներից միասնության կոչ են անում, Տեր-Պետրոսյանը կրկին հանդիպելով նախկին ղեկավարների հետ, առաջարկում է նրանց, իշխանությունների հետ մեկտեղ, միասին դիմագրավել Հայաստանի առջև ծավալվող մարտահրավերները:

Երբ յուրաքանչյուր ռացիոնալ մտածելակերպ ունեցողի համար ակնհայտ է, որ Հայաստանը ներկա իրավիճակում որևէ շանս չունի «հաղթական» լուծումներ գտնելու, որ այժմ արդեն Հայաստանի առջև ծանրացող խնդիրներն անկախ իշխանության գլխին գտնվողի անձից են զարգանում, այս ամենը շրջանցելով, նույն քոչարյանամերձ շրջանակները շրջանառում են, թե Տեր-Պետրոսյանը կոչ է անում համախմբվենք Փաշինյանի շուրջ, որ ամբողջ Հայաստանը հանձնենք:

Գոնե «արդարացի» հակադրվեն, էլի ինչ-որ տեղ կասես` տեսակետ է: Կարող են, չէ՞, ասել, օրինակ, որ իրենք երբեք նույն սեղանի շուրջ չեն նստի Փաշինյանի հետ, կամ ոչ մի պարագայում Փաշինյանի օրոք պատասխանատվություն չեն վերցնի, բայց, ոչ, նրանց երևակայությունը 25 տարի շարունակ «տանք, որ լավ ապրենք» վերագրումից այն կողմ չի անցնում այդպես էլ:

Իսկ Տեր-Պետրոսյանն ասում է հետևյալը`

– առաջարկությունների կոնկրետության մասին, բացի Փաշինյանից, ոչ ոք չգիտի;

– այդ առաջարկություններն ինչպիսին էլ լինեն, դրանք «լավը» կամ «բավարար» չեն կարող լինել, քանի որ 44-օրյա պատերազմից հետո և ներկայիս աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Հայաստանը ներուժ չունի դիմագրավելու առկա մարտահրավերները;

– քանի որ եղած իրավիճակում Հայաստանի հնարավորություններին տիրապետում է գլխավորապես Փաշինյանը, ապա պետք է նախկին ու ներկա ղեկավարների իմացած տեղակատվության փոխանակմամբ ու համատեղ պատասխանատվությամբ գտնվի իրավիճակը լիցքաթափելու Հայաստանի համար ամենաքիչ վնասակար տարբերակը:

Եթե սրան ավելացնենք նաև Տեր-Պետրոսյանի կողմից նախկինում արված մեկ այլ դիտարկում, այն է` «Կապիտուլյացիայի ենթարկվել է ոչ թե Փաշինյանը, այլ` Հայաստանը», պատկերը ամբողջական տեսք կստանա:

Սա էլ մերժեք, հետո արդեն չգիտեմ, թե ինչ եք երազելու ու հետին թվով ինչպես եք սրբագրելու ձեր վարքը: Չնայած` ձևը հաստատ կգտնեք:

Ամենաընթերցվածները

Exit mobile version