Կրկնեմ տարիներ առաջ արտահայտած իմ մի համոզմունքը, որը ժամանակին մեծ աղմուկի պատճառ դարձավ՝ մենք անցյալում մնացած ժողովուրդ ենք։ Չենք յուրացրել 20-րդ դարի արժեքները եւ 21-րդ դար չենք թեւակոխել։ Սրա վկայությունն են մեր քայլերը, որ կատարել ու կատարում ենք։ Սրա վկայությունն են 44-օրյա պատերազմին նախորդած շրջանը, այդ պատերազմին հանգելը, պատերազմի ընթացքը, պարտությունը։
Ապրում ենք անցյալի պատկերացումներով ու չափորոշիչներով։ Չենք ընկալել 20-րդ դարի ամենամեծ աղետից՝ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձեւավորված նոր աշխարհակարգը, պետությունների միջեւ ընդունված նոր փոխհարաբերությունները, խաղի նոր կանոնները։ Այդ արյունալի պատերազմը սահման դարձավ, որից այս կողմ Արեւմուտքն ամեն ինչ արել ու անում է, որ իր միջավայրում, ինչպես նաեւ իր սահմաններին ու իր հարեւանությամբ պատերազմներ չլինեն։
Խորհրդային միության փլուզումից հետո Եվրոպայի հարեւանությամբ՝ տարածքային վեճերի վրա հիմնված մեծ ու փոքր հակամարտություններ ծագեցին։ Արեւմուտքն անմիջապես ներգրավվեց դրանք մեղմելու կամ լուծելու գործին։ Ղարաբաղյան հակամարտությունն այդ շարքից է։ Պատերազմի առաջին տարիներից համանախագահող երեք հզոր երկրները՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան, իրենց ակտիվ մասնակցությամբ փորձում էին՝ համադրելով ժողովուրդների ինքնորոշման ու տարածքային ամբողջականության սկզբունքները, լուծումներ առաջարկել։
1998-ին լուծումը մոտ էր։ Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ հաշվի առնելով մեր տեղը ժամանակակից աշխարհում, պատկերացնելով այդ պահին ունեցած եւ ապագայում ունենալիք մեր հնարավորությունները, գնահատելով միջնորդ տերությունների ջանքերը եւ միջազգային հանրության սպասումները՝ ընդունել էր խնդիրը փոխզիջումների միջոցով կարգավորելու առաջարկը։ Բայց հայտնի եռյակի (Վազգեն Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան) գլխավորությամբ նրա այդ առաջարկը մերժվեց։ Մերժման համար հիմք էր հանդիսանում հայկական դրոշի գտնվելու աշխարհագրական կետը։ Պնդում էին՝ հաղթել ենք, մեր դրոշը ծածանվում է հակառակորդի տարածքում, որն այլեւս մերն է եւ զիջելու ոչինչ չունենք։
Այս գործիչների դիրքորոշումը՝ ի տարբերություն Լեւոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշման, մեր հանրությանը շատ ավելի սրտամոտ էր։ Մեր ժողովուրդն իր ամբողջությամբ, չնչին բացառություններով, այդ մտածողության կրողն էր եւ է։ Այդ մտածողության արդյունք են նաեւ բոլոր կողմերից այսօր լսվող ականջահաճո զրույցները, թե պետք է հզորանալ եւ ծնկի բերել Ադրբեջանին ու Թուրքիային ու նաեւ մեր մյուս հարեւաններին, որովհետեւ բոլորից էլ, վերջին հաշվով, պահանջներ ու ստանալիք ունենք։ Հոգ չէ, որ այս ճանապարհը մեզ պարտությունից պարտություն է տանում։ Ինչպես նաեւ հոգ չէ, որ պատերազմ ու թշնամանք ենք ժառանգում մեզանից հետո եկողներին։
Այսպես էր անցյալում՝ այն ժամանակներում, որտեղ մնացել ենք։ Պատերազմում ես, գրավում ես տարածքն ու հայտարարում, որ այն քոնն է։ Բոլորն ընդունում ու հաշվի են նստում այդ փաստի հետ՝ քոնն է, կեցցես, գրավել ես։ Քանի դեռ հակառակորդը չի հզորացել կամ դու չես թուլացել։ Ու այսպես՝ պատերազմից պատերազմ։ Ահա այս անընդհատ կրկնվող պատերազմներին վերջ դնելուն են միտված երկրորդ աշխարհամարտից հետո ձեւավորված խաղի նոր ու պարտադիր կանոնները, որոնց մեջ առանցքային են սահմանների անքակտելիության ու տարածքային ամբողջականության սկզբունքները։ Ազգերի ինքնորոշման սկզբունքի կամ այլ սկզբունքների համադրմամբ սահմանային փոփոխությունները պետք է տեղի ունենան ոչ թե պատերազմների, այլ երկարատեւ քննարկումների, բանակցությունների ու պայմանավորվածությունների ճանապարհով։
Իսկ մենք փորձում էինք առաջ գնալ հին չափորոշիչներով. գրավել ենք՝ մերն է ու չենք զիջելու։ Փաստարկները, որ մեր դիրքորոշմամբ ձեռնոց ենք նետում միջազգային հանրությանը, որ այս ճանապարհը անխուսափելի պարտության ու կորուստների է տանում, որ պետք է եւ պարտավոր ենք մեր ուժերը եւ մեր հնարավորությունները ճիշտ հաշվարկել, խաղալ ընդունված կանոններով, որ իսկական հաղթանակը հարեւանի հետ երկարատեւ խաղաղության հնարավորությունն է, որ մենք ոչ թե պատերազմը, այլ ճակատամարտն ենք շահել, իսկ վճռական պատերազմը առջեւում է ու այն մեր օգտին չի լինելու՝ զգաստացնել չէին կարող։ Հեռվում՝ հարեւանից գրաված տարածքներում, ծածանվող դրոշը ոգեւորել էր։
44-օրյա պատերազմի առաջին օրերին երկրի վարչապետը խորհրդարանում հայտարարեց, թե պատերազմը կարող է դադարել, եթե պահանջվող զիջումներին համաձայնվենք։ Ճիշտ է, 1998-ի համեմատ, ինչպես եւ կանխատեսվել էր, այդ զիջումները շատ ավելի ցավոտ էին, բայց պատերազմի շարունակության սպառնալիքը, նույնիսկ պարտության հավանականությունը չսթափեցրեցին։ Պառլամենտական ուժերից եւ ոչ մեկը, անգամ որեւէ անհատ պատգամավոր պատերազմը դադարեցնելու՝ զոհերից ու պարտությունից խուսափելու առաջարկով հանդես չեկավ։ Նույն մտածողության կրող վարչապետն ամենայն անպատասխանատվությամբ ու հպարտորեն արձանագրեց՝ չէի կասկածում, որ այդպիսին է մեր հավաքական դիրքորոշումը:
Այո, այդպիսին է մեր հավաքական դիրքորոշումը։ Խաղաղության ու հաշտության կողմնակիցներ չկան։ Բոլորը պատերազմ ու հաղթանակ էին ուզում։ Բայց ստացան պատերազմ ու ստորացուցիչ պարտություն ու կորուստներ, կորուստներ, կորուստներ․․․
Ամբողջությամբ կարդացեք aliqmedia.am կայքում։