Աբրահամն ու սառը տարիները
Ինչ մեր մեղքը թաքցնենք, այս շաբաթ մեղք գործեցինք. Աբրահամ Գասպարյանի հաղորդումը նայեցինք: Դե, շուխուր-մուխուր կար, ասինք՝ հետ չմնանք: Խոստանում ենք, որ էլ տենց բան չենք անի: 5 րոպե նայեցինք, մրսեցինք, այնքան ջիգյարով էր ներկայացնում, թե որքան ցուրտ էր 90-ականներին, աչքներս մթնեց, այնպիսի կրքոտությամբ էր պատմում, թե ինչքան մութ էր 90-ականներին, նույնիսկ՝ ցերեկը, ամոթի զգացում ապրեցինք, երբ վստահեցնում էր, թե անձամբ է գրադարանում տեսել, թե ինչպես է Լևոն Տեր-Պետրոսյանը որդեգրել Նիկոլ Փաշինյանին: Շուշին թաքուն գրավելու և Բաքուն բացահայտ չգրավելու մասին իր խոսքն արդեն բաց թողեցինք, փոխեցինք ալիքը, լավ էր, «Երկիր Մեդիա» ընկանք, որտեղ Վազգեն Մանուկյանին տողատակերով քրֆում էին՝ Դաշնակցության սև անցյալի մասին ավել-պակաս խոսելու համար: Հետո մտանք «Կենտրոն», որը մեզ կոչ արեց ոսկեղենը գնել բացառապես «Առինջ Մոլից», սպորտ պարապել բացառապես Օլիմպավանում, ու ինչ-որ տաշած քար գնել Արարատի հանքերից: Նադայել եղած, միացրինք «Արմենիան», որտեղ մի հնդիկ կին 98-ի հեղաշրջումից ի վեր չի կարողանում իր ավագ որդուն գտնել, ինչի պատճառով ամենայն հայոց կանայք գիշեր-ցերեկ քուն չունեն: Բայց հեռուստացույցն անջատելուց առաջ նորից մտանք Armnews. էն խեղճ Աբրահամը ընկած գետնին, ազգային-սոցիալիստական տեսքով լացակումած ասում էր, որ իր ուժն իր անօգնական վիճակի մեջ է, ու դրա մեղավորը Խաչատուր Սուքիասյանն է:
Անջատեցինք ու հիշեցինք մի հինավուրց հրեական անեկդոտ, երբ Աբրահամն ասում է. «Սառա ջան, մեր միջև երկխոսության շանս դեռ կա՞, թե՞ դու արդեն միանշանակ ճիշտ ես»:
«Չորրորդ իշխանություն», թիվ 10, 2021
Ամբողջությամբ կարդացեք 4rd.am կայքում։