Քաղաքականություն

Էլչիբեյը գլուխը պահել էր ձեռքերի մեջ: Ես չգիտեմ՝ Տեր-Պետրոսյանն ինչ էր ասել նրան, բայց նա ջախջախված էր․․․

Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի և Աբուլֆազ Էլչիբեյի այս հանդիպումը, որը միակն է նրանց միջև, տեղի է ունեցել 1993-ի ապրիլի 20-ին Անկարայում: Այդ հանդիպումը, որի կազմակերպիչները թուրքերն էին, մասնավորապես այն օրերին արտգործնախարար Հիքմեթ Չեթինը, տեղի չէր ունենա, եթե Տեր-Պետրոսյանն ու Էլչիբեյը նույն օրը չլինենին նույն վայրում՝ Թուրքիայի վախճանված նախագահ Թուրգութ Օզալի թաղման արարողությանը:

Հատված ԿԱՆԱՉ ու ՍԵՒ. ԱՐՑԱԽՅԱՆ ՕՐԱԳԻՐ հատորից

Տեր-Պետրոսյանը նկատել է. ՙՄենք շփումներ չենք ունեցել, չնայած ընտրություններից հետո զանգահարեցի Էլչիբեյին, որպեսզի շնորհավորեմ : Ծիծաղելի բան եղավ: Նրա օգնականը շփոթվեց, հետո զանգահարեց իմ օգնականին` հարցնելով, թե ինչի՞ մասին եմ ուզում խոսել: Հարկ եղավ բացատրել, որ նման բաների մասին հարցնելն ընդունված չէ, ամեն ինչ պարզ կլինի հենց խոսակցության ընթացքում: Այդպես էլ չխոսեցինք: Իսկ Մութալիբովի հետ հարաբերությունները նորմալ էին, բայց հենց սկզբից ինձ համար պարզ էր, որ նրա հետ զրույցները ոչինչ չէին պարտադրում, նա իրական իշխանություն չուներ, և պայմանավորվածությունները իմաստ չունեին՚:

Քելբաջարի կորստից հետո արդեն Էլչիբեյը ստիպված էր շփվել Տեր-Պետրոսյանի հետ: Դա 1993-ի գարնանն էր: Ապրիլի 17-ին Անկարայում սրտի անբավարարությունից մահացել էր Թուրքիայի նախագահը: Թուրգութ Օզալի թաղմանը մասնակցելու նպատակով Անկարա էր մեկնել նաև Տեր-Պետրոսյանը. ապրիլի 21-ին նա Անկարայում առանձին հանդիպումներ է ունենում Էլչիբեյի, Ալիևի և  Դեմիրելի հետ: Ամերիկացի լրագրող Թոմաս Գոլցը պնդում է, որ Անկարայում Տեր-Պետրոսյանն ու Էլչիբեյը հանդիպել են երեք անգամ: Առաջին կարճ զրույցը տեղի է ունեցել Թուրքիայի խորհրդարանում Դեմիրելի կազմակերպած ընդունելության ընթացքում` վերջինիս առաջարկով:

ՙՏեր-Պետրոսյանի և Էլչիբեյի երկրորդ հանդիպումը տեղի ունեցավ վերջինիս հյուրանոցի համարում: Դա առանձին զրույց էր, որից Էլչիբեյը ցնցվել, խառնվել էր: [Ադրբեջանցի] Վուգարը պատվիրակության հետ ճամփորդում էր որպես թարգմանիչ և թիկնապահ: Նա առաջինն էր մտել սենյակ՝ Տեր-Պետրոսյանի հեռանալուց հետո: ՙԷլչիբեյը գլուխը պահել էր ձեռքերի մեջ: Ես չգիտեմ՝ Տեր-Պետրոսյանն ինչ էր ասել նրան, բայց նախկինում երբեք նրան այդպիսի վիճակում չէի տեսել: Ես նրան տեսել էի շատ տարբեր վիճակներում: Նա ջախջախված էր՚,- ինձ պատմեց Վուգարը՚:

Ամենաընթերցվածները

Exit mobile version