Այսօր նամակ եմ ուղարկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին
Մանուկ Նիգոյանը ֆեյսբուքում գրել է.
Այսօր նամակ եմ ուղարկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Arman Tatoyan-ին, ներկայացնում եմ ստորև. Հարգելի պրն. Թաթոյան.Հայաստանում ներքաղաքական տրամադրությունները հասել են լարվածության գագաթնակետին, և այդ տրամադրություններից արդարացիորեն անմասն չեն նաև մշակույթի ոլորտի ներկայացուցիչները, այդ մարդիկ օգտվում են իրենց քաղաքական դիրքորոշումն ունենալու ու ազատ խոսքն իրացնելու Սահմանադրությամբ երաշխավորված հիմնարար իրավունքից, չխախտելով այլ քաղաքացիների՝ մասնավորապես ընդդիմության ներկայացուցիչների և նրանց աջակիցների իրավունքներն ու ազատությունները: Այս ֆոնին սակայն, ընդդիմության որոշ ներկայացուցիչներ և համակիրներ, օգտվելով իրենց պատկանող, իրենց կողմից ղեկավարվող, կամ իրենց հետ փոխկապակցված լրատվամիջոցների, ինչպես նաև սոցիալական ցանցում իրական կամ կեղծ օգտատերերի էջերի հնարավորություններից՝ այլ կերպ ասած գործի դնելով հսկայական քարոզչամեքենա, անձնական բնույթի հայհոյանքներով ու մարդու առողջությանն ուղղված սպառնալիքներով խախտում են Հայաստանի այլ քաղաքացիների սահմանադրական իրավունքներն ու ազատությունները: Վերջին օրերին այդ մարդկանց և խմբերի թիրախում են մասնավորապես մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ Հովհաննես Ազոյանն ու Սոս Ջանիբեկյանը: Վերջիններիս գործունեության մասին կարծիքները բևեռայնորեն տարբեր են, սակայն մեկ բան աներկբա է՝ հանրության շրջանում նրանք համարվում են մշակույթի ոլորտի հայտնի ներկայացուցիչներ, ու վերջիններիս հանդեպ ցանկացած սպառնալիք անուղղակի կերպով ուղղված է նաև Հայաստանի քաղաքացիների ու այլ բնագավառի ներկայացուցիչների:Հաշվի առնելով վերոգրյալը, դիմում եմ Ձեզ, խնդրելով մարդու իրավունքների պաշտպանին տրված լիազորությունների շրջանակում ապահովվել այդ քաղաքացիների իրավական պաշտպանությունը, և անհապաղ ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ հետագա սպառնալիքների, մարդուն ու նրա ընտանիքի անդամների արժանապատվությանն ուղղված վիրավորանքների կանխման համար: Հարգանքով`Հայաստանի մշակութային հիմնադրամի տնօրեն՝ Մանուկ Նիգոյան