Արտաքին աշխարհ

ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ գերիներին armenpress

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Ներկայացուցչների պալատի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահներ Ադամ Շիֆը, Գաս Բիլիրակիսը, Ֆրանկ Փալոնը, Դեյվիդ Վալադոն և Ջեքի Սփիերը մարտի 16-ին ներկայացրել են բանաձև, որը կոչ է անում Ադրբեջանին անմիջապես ազատ արձակել Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի պատերազմի ընթացքում գերեվարված բոլոր ռազմագերիներին և քաղաքացիական անձանց: Բանաձևին իրենց աջակցությունն են հայտնել Ներկայացուցիչների պալատի 31 անդամ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, բանաձևում նշվում է, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ստորագրած եռակողմ հայտարարությամբ կողմերը պարտավորվում էին ազատ արձակել բոլոր գերիներին, ու թեպետ Հայաստանն ամբողջությամբ կատարել է իր պարտականությունը, Ադրբեջանը կեղծում է ռազմագերիների կարգավիճակը՝ փորձելով արդարացնել նրանց գերի պահելու իր ցանկությունը:

Բանաձևի եզրափակիչ հատվածում ասվում է.

«Ներկայացուցիչների պալատը

  1. Կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց,
  2. Հորդորում է ԱՄՆ պետքարտուղարությանը բոլոր մակարդակներում, այդ թվում և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի շրջանակում, աշխատել Ադրբեջանի հետ՝ հասկացնելով, թե որքան կարևոր է հավատարիմ մնալ սեփական պարտավորությունների կատարմանը՝ համաձայն նոյեմբերի 9-ի հայտարարության և միջազգային իրավունքի՝ անհապաղ ազատ արձակելու բոլոր ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց»:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆն անընդունելի է համարում ԼՂ վերջին պատերազմից ավելի քան 100 օր անց հարյուրավոր հայ զինծառայողների ու քաղաքացիական անձանց՝ Ադրբեջանում պահվելը: «Ադրբեջանը պարտավոր է անհապաղ ազատ արձակել այս գերիներին, որքան ուշացնի դա, այնքան ավելի շատ ցույց կտա իր անարգանքը միջազգային օրենքների և մարդու իրավունքների նկատմամբ: Ադրբեջանն արդեն իսկ մեղավոր է վերջին պատերազմում գործած սարսափելի վայրագությունների համար, և սա ավելի է խորացնում խնդիրը»,- ասել է Շիֆը՝ նշելով, որ ԱՄՆ-ը բոլոր դիվանագիտական խողովակներով պետք է ապահովի հայ գերիների վերադարձը:

Բիլիրակիսի գնահատմամբ՝ պատերազմից ամիսներ անց հայ ռազմագերիներին փակի տակ պահելու ադրբեջանական կողմի քայլը Ժնևի կոնվենցիայի և միջազգային օրենքի հստակ խախտում է:

Ամենաընթերցվածները

Exit mobile version