Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը «շատ վատ» է որակել անվանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի խոսքերը՝ նշելով, թե Ռուսաստանը ելնելու է նրանից, որ ԱՄՆ առաջնորդը միանշանակ չի ցանկանում կարգավորել հարաբերությունները Մոսկվայի հետ։
ABC հեռուստաալիքի եթերում պատասխանելով հարցին, թե արդյոք կարծում է, որ Պուտինը մարդասպան է՝ Բայդենն արձագանքել է․ «Հմմմ, Այո։ Դուք կտեսնեք, որ Պուտինը պատասխան կտա»։
ԱՄՆ նախագահի երեկվա այս հայտարարությունից հետո ռուս-ամերիկյան հակամարտությունը նոր փուլ է մտնում։ Միևնույն ժամանակ նույն հարցազրույցում Ջո Բայդենը Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունների մասին շարունակել է խոսել մի փոքր այլ տոնով։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը երկարաձգել են ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագիրը, որովհետև, իր ձևակերպմամբ, «մեկը մյուսին չի խանգարում, և համաշխարհային քաղաքականության մեջ կան ոլորտներ, որտեղ երկու պետությունների շահերից է բխում միասին աշխատելը»։
ԱՄՆ նախագահը նշել է նաև, թե Պուտինը ստիպված կլինի վճարել այն բանի համար, ինչ արել է։ Բայց թե ինչպիսին կլինի այդ գինը, Բայդենը չի ասել:
Խոսքը, հավանաբար, Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին է, որոնք ուժի մեջ են մտնում արդեն այսօրվանից։ Վաշինգտոնն ընդլայնել է Ռուսաստանի նկատմամբ արտահանման սահմանափակումները ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի թունավորման փորձի պատճառով ՝ արգելք սահմանելով սպառազինությունների արտահանման և ներմուծման, ինչպես նաեւ պաշտպանական նշանակության ծառայությունների մատուցման վրա:
Պատժամիջոցների նպատակն է կանխել երկակի նշանակության ամերիկյան տեխնոլոգիաների մուտքը Ռուսաստան։
Պաշտոնական Մոսկվան երեկ երեկոյան անմիջապես արձանագքնել է Բայդենի հայատարությանը․ հետ է կանչվել Ռուսաստանի դեսպանը Վաշինգտոնում, իսկ արտգործնախարարության պաշտոնական ներակայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ նման բան չի հիշում, որ Միացյալ Նահանգներից հետ կանչեն դեսպանին։
«Դեսպան Անատոլի Անտոնովը Մոսկվա կմեկնի մարտի 20-ին՝ երկկողմ հարաբերություններին վերաբերող խորհրդակցություններ անցկացնելու համար», – ասված է դեսպանատան ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարությունում։