Մինչ բուն նյութին անցնելը սեղմ ներկայացնենք ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի «Ո՞րն է ելքը» առաջարկը, որովհետև մեր քաղաքական կյանքում վատ սովորություն կա. աղմուկի մեջ մոռանում ենք կարևորը:
Եվ այսպես, նախագահը, պնդելով, որ իշխող ուժը չպետք է անցկացնի արտահերթ ընտրություններ, առաջարկում է.
«Ուստի թե՛ պետության, թե՛ ժողովրդի, թե՛ նաև անձամբ վարչապետի շահերից բխող միակ ելքն, իմ կարծիքով, վերջինիս անհապաղ և ինքնակամ հրաժարականն է և Ազգային ժողովի կողմից անձեռնմխելիության իրավական երաշխիքների ապահովմամբ, նրա, թեկուզ ժամանակավոր, ապաստանումն արտերկրում: Այդ պարագայում վարչապետի պարտականությունները պետք է դրվեն անկուսակցական փոխվարչապետի վրա, որն իր չեզոքության հանգամանքով ունակ է ապահովելու արդար ընտրությունների անցկացումը»:
Ահա այս պարզ ելքին է վերաբերում վերջին օրերի անասելի հարայ-հրոցը, որի գլխավոր դերում իշխող ուժը և նրա արբանյակները ներկայացնող մարդիկ են:
Նշենք, որ սա նույնպես հին հայկական սովորույթ է: 1990-ականներից սկսած՝ մեր քաղաքական և մերձքաղաքական գործիչների հիմնական զբաղմունքը եղել է Տեր-Պետրոսյանին հակաճառելը, ինչն ունի նեղ հոգեբանական և «տնտեսական» շարժառիթներ: Բայց թողնենք սրանց հոգեկան բարդույթները և անդրադառնանք «տնտեսական» շահին:
1. Մինչև 1998 թվականը Հայաստանում լույս տեսնող բազմազան թերթերի մեծ մասն ընդդիմադիր էր, հետևաբար այստեղ հանդես եկող վերլուծաբաններն ու քաղգործիչները վճարվում էին նախագահին հակաճառելու, ավելի հաճախ՝ հայհոյելու, բնության և հասարակության օրենքներին հակառակ, բացարձակապես անտրամաբանական մտավարժանքների համար:
2. 1998-ից հետո Ռոբերտ Քոչարյանի բարեհաճությանն արժանանալու նպատակով այլևայլ քաղգործիչներ անում էին նույնը: Լ. Տեր-Պետրոսյանն այլևս իշխանություն չէր, բայց մեր քաղաքական դաշտի մեծագույն հատվածն ընդդիմանում էր նրան:
3. Գրեթե նույնն էր Սերժ Սարգսյանի օրոք՝ չհաշված 2007-2010 թվականները, երբ ոմանք Լևոնին հայհոյողներից վերածվեցին թունդ լևոնապաշտների, որովհետև նախագահի՝ քաղաքական դաշտում հայտնվելը ծանրակշիռ հայտ էր, որովհետև նրա կողքին լինելը միանգամից բարձրացնում էր ոմանց չեղած հեղինակությունը: Կարճ տևեց: 2012 թվականից հետո մեր պատեհապաշտները վերջնականապես հասկացան, որ հույսներն ի դերև են ելել (քյար չունեն), և հուշիկ քայլերով կամ շռնդալից լքեցին Տեր-Պետրոսյանի աջակիցների շարքերը: Լքեցին և անցան հին գործին: Չէ՞ որ ընտանիք պետք է պահեին, տուն, երեխա…
Եվ ահա այս հին հայկական սովորույթը շարունակվում է. ներկա ազգակործան վարչապետի հետ ապագայի հույսեր կապողներն անխնա քննադատում են ՀՀ առաջին նախագահին:
Ամբողջությամբ կարդացեք 4rd.am կայքում։