Հասարակություն

Ձերբակալվել է Պեմզաշենի աղմկոտ սպանությունների 2-րդ կասկածյալը. նրանցից մեկը երեկ մասնակցել է հուղարկավորություններին

Ձերբակալվել է Պեմզաշենում 31-ամյա կնոջը, նրա 12-ամյա դստերը և 8-ամյա որդուն սպանելու համար կասկածվող 2-րդ տղամարդը: 

Տեղեկությունը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է Պեմզաշենի համայնքապետ Աղասի Վարդանյանը՝ նշելով, որ 2-րդ ձերբակալվածը 42 տարեկան է:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այն հաստատել է նաև Շիրակի մարզի դատախազը՝ հորդորելով սպասել պաշտոնական տեղեկատվությանը:

Նշենք, որ վերջինս հայտնաբերվել ու ձերբակալվել է Երևանում:

Երկու կասկածյալն էլ նույն գյուղից են՝ ազգականներ, տարածվող տեղեկությունների համաձայն՝ հորեղբոր որդիներ են, որոնցից մեկը մտերիմ է եղել սպանված 31-ամյա կնոջ ամուսնու հետ:

Կասկածյալներից մեկը, ում ձերբակալել են այսօր, ամուսնացած է, ունի 3 երեխա, մյուսը ևս ամուսնացած է, ունի 1 երեխա:

Համայնքում տարածվող տեղեկությունների համաձայն՝ կասկածյալներից մեկը գյուղում հետևել է իրավապահների աշխատանքին, տեսել, թե ինչպես են դուրս բերվում սպանված կնոջ ու նրա մանկահասակ երեխաների մարմինները: Անգամ երեկ սառնասրտորեն մասնակցել է նրանց հուղարկավորություններին, ցավակցել ընտանիքի անդամներին:

Դարձյալ ըստ տարբեր աղբյուրներում շրջանառվող վարկածների՝ սպանությունների հեղինակ 32-ամյա կասկածյալը, որը ձերբակալվել էր երեկ, բավականին տեղեկացված է եղել սպանվածների ընտանիքի նիստուկացին, իմացել, որ տան տղամարդը գտնվում է արտագնա աշխատանքի արտերկրում, իմացել է նաև, որ տան բակում շուն կա։ Ու քանի որ նա ծանոթ է եղել ընտանիքին, բազմաթիվ անգամներ սպանվածների տան մոտով անցել է, շունը երբևէ նրա վրա չի հարձակվել, չի հաչել: Հենց այդ պատճառով էլ սպանության գիշերը վերջինս առանց դիմակ՝ բաց երեսով, մտել է այդ տուն:

Աղմկահարույց սպանությունը, կարելի է ասել, բացահայտված է, սակայն իրավապահ համակարգը դեռ չի շտապում նոր՝ հաստատված տվյալներ հրապարակել դեպքից:

Երեկ՝ նոյեմբերի 12-ին, Պեմզաշենում հրաժեշտ էին տվել նոյեմբերի 9-ին դաժանաբար սպանված 31-ամյա Զարինե Մելիքսեթյանին, նրա 12-ամյա դստերն ու 8-ամյա որդուն։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 9-ին արտակարգ ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն գյուղի տներից մեկում։ Տան բնակիչները չէին արձագանքել դռան թակոցներին, իրավապահների ներկայությամբ դուռը բացելուց հետո հատակին 3 դի էր հայտնաբերվել: 

ՀՀ գլխավոր դատախազությունը որոշ մանրամասներ էր հրապարակել և հաստատել, որ թելով կապված էին եղել 8-ամյա երեխայի ձեռքերն ու ոտքերը, մոր՝ ձեռքերը, բոլորի դիերը եղել էին կրծքավանդակի ու որովայնի շրջանում կտրած-ծակած վերքերով: 

ՀՀ ոստիկանությունը նոյեմբերի 11-ին դիմել էր հասարակությանը՝ ակնկալելով քաղաքացիների աջակցությունն ու համագործակցությունը Պեմզաշենում կատարված սպանությունների գործով, որից մեկ օր անց հրապարակեց տեղեկություն այն մասին, որ հանցագործությունը բացահայտված է, կա ձերբակալված:

Ամենաընթերցվածները

Exit mobile version