«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ից հերթական անգամ դուրս եկած ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով փոփոխություն կատարել Քրեական օրենսգրքում, և քրեական պատիժ սահմանել պաշտոնատար անձի կողմից հանրային հետաքրքրություն ներկայացնող կամ ազգային անվտանգությանն առնչվող հարցերով կեղծ կամ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հրապարակայնորեն հայտնելու համար:
Պետրոսյանն առաջարկում է դրա համար նախատեսել պատիժ մեկ միլիոն դրամ տուգանքից մինչև մեկ տարի ազատազրկում: Պետրոսյանի ակնարկը վերաբերում է պատերազմական շրջանում հասարակությանը ներկայացված ոչ ճշգրիտ տեղեկատվությանը:
Կարծում ենք ճիշտ կլինի, եթե ինչ-որ պատիժ սահմանվի նույն կուսակցությանը մեկ անգամից ավելի անդամագրվելու և մի քանի անգամ նույն կուսակցությունից դուրս գալու համար՝ նկատի ունենալով նման արարքի հանրային բարոյականության վրա ունեցած բացասական ազդեցության և վտանգավորության աստիճանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: