«Մենք ստացել ենք հայ հասարակության համաձայնությունը, որպեսզի անցնենք խաղաղության դարաշրջանին։ Հետևաբար, մենք ամեն օր աշխատում ենք, որպեսզի օր առաջ խաղաղություն բերենք մեր ժողովրդին։ Իսկ ընդդիմությունը ինչ ուզում է թող անի, երեսուն տարի ինչ են արել, մեզ բերել հասցրել են էս վիճակին։ Ի հեճուկս ընդդիմության այն հայտարարություններին, որ պետք է բանակցող փոխվի, արտաքին գործերի նախարարությունը չի աշխատում և այլն, պիտի փաստենք, որ պատերազմից երկու տարի անց մենք շատ հաջող բանակցում ենք, գրանցում ենք դիվանագիտական հաղթանակներ, ինչպես տեսնում եք, օրինակ, ԱՄՆ-ի, Ռուսաստանի նախագահի ակտիվ ներգրավվածությունը մեր խնդիրների կարգավորմանը»,- երեկ լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
ՔՊ նախընտրական ծրագրում խաղաղության դարաշրջանի ընդհանրական բնութագրումները որևէ կապ չունեն այն խաղաղության համաձայնագրի հետ, որն այսօրվա իշխանության օրակարգում է։ Ըստ այդմ՝ Սիմոնյանը պարզ մանիպուլյացիայի է դիմում՝ ասելով, թե հասարակությունը համաձայնություն է տվել։ Նույն հաջողությամբ հասարակությունը հավանություն էր տվել ու հավատացել էր «ապագա կա»-յին, հետո այնպես ստացվեց, որ ապագայի դռները փակվեցին Ջերմուկի, Վարդենիսի, հայաստանյան այլ բնակավայրերի բնակիչների համար։ Ու դեռ պարզ չէ, թե ինչ է լինելու հետո։ Ցավոք սրտի կամ բարեբախտաբար Հայաստանում չեն անցկացվում միջանկյալ՝ վստահությունը ստուգող ընտրություններ, այլապես Սիմոնյանը վերջապես կառնչվեր այն իրականության հետ, որից անվերադարձ կտրվել են։
Ինչ վերաբերում է ձևակերպմանը, թե երեսուն տարի ինչ են արել, մեզ բերել հասցրել են էս վիճակին, ապա սա արդեն տափակ մանիպուլյացիայի ժանրից չէ, սա կոնկրետ սուտ է։ 30 տարվա ընթացքում Հայաստանը հասցրել է հռչակել իր անկախությունը, հաղթել է Արցախյան առաջին պատերազմում՝ արձանագրելով Արցախի ամբողջական ազատագրումը, ամենակարևորը ստեղծել է բանակ, որը շուրջ երեսուն տարի եղել է խաղաղության երաշխավորը։ Հայաստանը հռչակվել է ժողովրդավարական կղզյակ Հարավային Կովկասում, որի իշխանության, ընդդիմության, հասարակության հետ միջազգային կառույցները հաշվի են նստել։ Արտաքին աշխարհի հետ Հայաստանը խոսել է ինքնիշխանության դիրքերից ու խոսել է բոլորի համար հասկանալի լեզվով՝ առանց խոտանների ու ծիծաղելի իրադրություններում հայտնվելու։ Ալեն Սիմոնյանը սա անգիր գիտե, բայց քանի որ Վանո Սիրադեղյանի բնութագրմամբ՝ իշխանությունը մարդուն հիմարացնելու հատկություն ունի, ապա կարելի է թեթև քմծիծաղ տալ ու անցնել առաջ։ Իսկ իրենք թող շարունակեն խոսել «շատ հաջող բանակցելու», «դիվանագիտական հաղթանակներ» գրանցելու մասին, մեկ է դրանից իրականությունը չի փոխվում։ Իրենց վիճակն է ավելի վատանում։
Գոհար Վեզիրյան
Չորրորդ Իշխանություն