Սոցցանցեր

Նախկին նախագահները իրենց չափազանց սուր տարաձայնությունները մի կողմ դրած հանդիպում են պետության ապագան քննարկելու

Արտակ Հարությունյանը ֆեյսբուքում գրել է․

Իմ գնահատականները չեն փոխվել ու չեն փոխվի ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ո՛չ էլ Սերժ Սարգսյանի մասին։ Շարունակում եմ պնդել, որ երկուսն էլ ընտրակեղծիքներով են դարձել նախագահ, որ նրանց ժամանակ ավազակապետություն էր, որ թալանում էին երկիրը, հետապնդում էին հակառակորդներին, տնտեսական ու այլ տեռոր էր, մարտի 1-ի գլխավոր պատասխանատուներն են և այլն, և այլն, և այլն։

Բայց եթե ես լինեի երկրի ղեկավար, ապա նախկին բոլոր նախագահների (հատկապես Տեր-Պետրոսյանի, որի մասին հասկանալի պատճառներով նախաբանում չեմ գրել) հետ խորհրդակցություններ կունենայի մինչ պատերազմը՝ թե՛ դիվանագիտական հարցերի, թե՛ բանակի զարգացման մասին։ Պարտադիր չի, որ իրանց ասածներով շարժվեի, բայց հաշվի կառնեի։ Պատերազմի ընթացքում եթե ոչ ամենժամյա, ապա ամենօրյա կապի մեջ կլինեի, կփորձեի օգտագործել նրանց հմտություններն ու կապերը, փորձը։ Հետպատերազմյան վիճակում՝ պարտությունից հետո, խորհրդակցություններ կունենայի, գտնելու համար երկիրը ճգնաժամից անցընցում հանելու ելքը։

Ու սա բնավ չէր նշանակի մոռանալ անցյալը։ Պետք չէր լինի կարճել դատական գործերը, որտև դատական իշխանությունն անկախ է ու իր գործը պիտի անի։ Դա նրանց կենսագրության սպիտակեցում չէր լինի։ Պարզապես ճակատագրի բերումով ամենամեծ փորձառությունն ու երկրին վերաբերող ամենամեծ ինֆորմացիային տիրապետող մարդկանց ջանքերի ինտեգրում կլիներ՝ հանուն պետության, դուրս անձնական վերաբերմունքից։

Բայց երկրի ղեկավարը Նիկոլն է ու ցավալի է, որ այսօր նախկին նախագահները, իրենց տարաձայնությունները, չափազանց սուր տարաձայնությունները մի կողմ դրած հանդիպում են պետության ապագան քննարկելու ու այդ քննարկմանը չի էլ կարող լինել երկրի ներկայիս ղեկավարը։ Տխուր ա։

Ամենաընթերցվածները

Exit mobile version